Եվրամիության երկրներից բանակցություններին մասնակցողները եւ օրենսդիրները համաձայնության են եկել ձմռանից առաջ գազի պահեստարանները լցնելու օրինագծի վերաբերյալ, քանի որ փորձում են ստեղծել մատակարարումների բուֆեր եւ պատրաստվել ռուսական հոսքերի հնարավոր խափանումներին, տեղեկացրել է Reuters-ը։
Ռուսաստանը ԵՄ մատակարարում է գազի 40 տոկոսը, անցած ամիս երկիրը դադարեցրել է Լեհաստան եւ Բուլղարիա մատակարարումներն այն բանից հետո, երբ վերջինները հրաժարվել են վառելիքի դիմաց վճարել ռուբլով։
Գործարքը ԵՄ-ի երկրներից կպահանջի համատեղ լցնել գազի պահեստարանները մինչեւ այս տարվա նոյեմբեր եւ 2023թ.՝ 85 եւ 2024 եւ 2025թթ.՝ մինչեւ 90 տոկոսով։ Ներկայում ԵՄ-ի գազի պահեստարանները լիքն են 41 տոկոսով։
Յուրաքանչյուր երկիր պետք է բավականաչափ գազ պահի, որպեսզի ապահովի վերջին հինգ տարվա տարեկան սպառման 35 տոկոսը։ Այս համակարգը նախատեսված է մեծ պահեստարաններ ունեցող երկրների բեռնվածությունը նվազեցնելու համար այն բանից հետո, երբ Հունգարիան, Ավստրիան եւ Նիդեռլանդները մտահոգություն հայտնեցին, որ իրենց ընկերությունները ստիպված են լինելու գազի ավելի մեծ պաշարներ գնել գրեթե ռեկորդային գներով։
Պահեստարաններ չունեցող երկրները պետք է բավականաչափ վառելիք պահեն այլ պետություններում, որպեսզի ապահովեն գազի իրենց տարեկան սպառման 15 տոկոսը։ Կիպրոսը, Մալթան եւ Իռլանդիան, որոնք միացած չեն այլ երկրների գազի ցանցերին, չեն հարկվում։
«Մտահոգություն կա եկող ձմեռ բոլոր եվրոպացիների համար գազի մատակարարման ապահովման հարցում»,- ասել է Լեհաստանի նախկին վարչապետ, բանակցող Եժի Բուզեկը խորհրդարանում։
Երկրները պետք է նաեւ սերտիֆիկացնեն պահեստարանների տերերին, որպեսզի ստուգեն՝ արդյոք դրանք ռիսկեր չեն պարունակում էներգետիկ անվտանգության տեսակետից, քայլ, որն ուղղված է անմիջապես ռուսական «Գազպրոմի» դեմ։ Օպերատորները, որոնց սերտիֆիկացումը մերժվել է, պետք է հրաժարվեն սեփականության իրավունքից կամ իրենց նկատմամբ վերահսկողությունից։
Ռուսական մատակարարումների հետ կապված անհանգստությունը եվրոպական ընկերություններին ստիպել է պահեսարանները լցնել ռեկորդային արագությամբ՝ չնայած գազի աներեւակայելի գներին։
ԵՄ-ի երկրները եւ Եվրախորհրդարանը պետք է պաշտոնապես հավանություն տան գործարքին։ Խորհրդարանը պետք է հարցը քվեարկության դնի հաջորդ ամիս։