Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման կարեւորությունը՝ ամբողջ տարածաշրջանում խաղաղություն, կայունություն եւ բարգավաճում ապահովելու համար։

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման դրական ազդակը։


«Քարտուղար Բլինքենն առաջարկել է Միացյալ Նահանգների օգնությունը՝ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներում, եւ տարածաշրջանային տրանսպորտային եւ հաղորդակցական կապերի զարգացման առաջընթացի կոչ է արել: Նա ընդգծել է Հարավային Կովկասում խնդիրների լուծման համար երկկողմ երկխոսության շարունակման կարեւորությունը եւ վերահաստատել ԱՄՆ աջակցությունը նախագահ Ալիեւի եւ վարչապետ Փաշինյանի միջեւ ԵՄ միջնորդությամբ բանակցություններին։ Պետքարտուղար Բլինքենը հաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ երկկողմ եւ համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ մեր դերի միջոցով օգնելու Հայաստանին եւ Ադրբեջանին հասնելու երկարաժամկետ եւ համապարփակ խաղաղության»,- ասվում է հաղորդագրության մեջ։