Եվրամիությունը տեղեկացված է եղել Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու մոտեցումների մասին, «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։

«Ես ձեզ պաշտոնապես տեղեկացնում եմ, որ Եվրոպական միության մեր գործընկերներին մենք տեղեկացրել ենք մեր այս մոտեցման մասին»,- հայտարարեց Բաղդասարյանը։

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ պաշտոնական Երևանը չորս տարի Եվրամիության հետ բանակցելուց հետո, երբ բարեհաջող ավարտել էր Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի շուրջ բանակցությունները և պատրաստվում էր նոյեմբերին այն ստորագրել, հանկարծ որոշեց, որ մտնում է Մաքսային միություն, Արթուր Բաղդասարյանը բացատրեց, թե Եվրամիության հետ ընթացող բանակցություններին զուգահեռ Հայաստանը շուրջ մեկ տարի Մաքսային միության հետ կապված հարցերը ակտիվորեն քննարկել է Ռուսաստանի հետ։

«Խորը և համապարփակ առևտրի բանակցությունները ընթացել են, կարելի է ասել՝ 99 տոկոսով աշխատանքները մոտեցել են իրենց ավարտին, և մեզ համար հասկանալի է դարձել, թե ինչ է տալու ազատ առևտրի պայմանագիրը Հայաստանին։ Դրան զուգընթաց մենք շատ սերտորեն աշխատել ենք Եվրասիական հանձնաժողովի հետ, կոնսուլտացիաներ են եղել ամիսներ շարունակ ռուսական կողմի հետ։ Այդ գործընթացները զուգընթաց են տարվել։ Այլ խնդիր է, որ մի գործընթացի մասին պարբերաբար տեղեկատվություն է եղել՝ նիստեր են եղել և այլն, մյուսի մասին շատ ավելի քիչ»,- ասաց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը։

Երբ ուսումնասիրությունները երկու ուղղությամբ էլ ավարտվել են, Բաղդասարյանի փոխանցմամբ, հայկական կողմը հասկացել է՝ Հայաստանի շահերը բխում են Մաքսային միությունից։ Պաշտոնական Երևանը նաև հասկացել է, թե ինչ լուրջ վտանգներով է հղի Մաքսային միություն չմտնելու որոշումը։

«Այսօր ուսումնասիրվել է մանրամասնորեն Հայաստանից ինչ արտահանման ներուժ ունենք, որ երկրներ են արտահանում։ Դրանք գերազանցապես Մաքսային միության երկրներ են։ Այսօր ուսումնասիրվել է, թե Մաքսային միության անդամ երկրները ինչ տարիֆային սակագներ են կիրառելու ոչ անդամ երկրների նկատմամբ։ Եվ այդ ուսումնասիրությունը ցույց է տվել, թե ինչ վիճակում կարող են հայտնվել հայկական ապրանք արտադրողները։ Մեր տնտեսությունը առանց այդ էլ գտնվում է շատ ծանր վիճակում, ուրեմն տնտեսության համար ամբողջությամբ փակել Մաքսային միության 300 հարյուր միլիոնանոց շուկան.... Այսօր 2.5 միլիոն հայ է ապրում Ռուսաստանում և այդ թիվը անընդհատ ավելանում է։ Հիմա այդ մարդկանց վիճակը ո՞նց է լինելու... Այսինքն այս ուսումնասիրությունները կատարվել են և դրանց արդյունքում քաղաքական որոշում է կայացվել»,- ասաց Բաղդասարյանը։