Եթե շատերը մտածում են, որ ընդդիմություն նշանակում է նաև ընդդիմություն պետությանն ու պետականությանը, ապա ՀՅԴ-ն այդպիսի ընդդիմություն չէ, թող մոռանան: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Մենք ընդդիմություն ենք քաղաքական իշխանություններին, ընդդիմություն ենք այն ծրագրերին և մոտեցումներին, որ առաջ է քաշվում, բայց ոչ երբեք մեր պետականությանը: Պետականության ընդդիմություն լինել նշանակում է լինել դավաճան սեփական երկրի, սեփական ժողովրդի համար», - պարզաբանեց նա:
Նրա կարծիքով, այն տեսակետը, որ ընդունելով արտաքին ճակատում պայքարի հնարավորությունը, Դաշնակցությունը դադարում է ընդդիմություն լինելուց, արտահայտում են այնպիսի մարդիկ, ովքեր քաղաքականության մասին սխալ պատկերացումներ ունեն:
ՀՅԴ-ական պատգամավորի խոսքերով, այսօր կոալիցիա մտնելու մասին որևէ հարց չի առաջացել, քանի որ նրա համոզմամբ, եթե այդպիսի հարց առաջանար, ապա իրենք առնվազն պետք է կառավարության բոլոր նախաձեռնություններին դրական արտահայտվեին և կողմ քվեարկեին:
«Դաշնակցությունն այս պահին որևէ մտադրություն չունի կոալիցիա վերադառնալու, ավելին Դաշնակցությունն ընդդիմություն է»- հայտարարեց նա, հավելելով, որ իրենք համագործակցել և շարունակելու են համագործակցել քաղաքական որևէ ուժի հետ այն դեպքում, եթե խոսքը վերաբերում է հայոց պետականության սպառնալիքները չեզոքացնելուն: