Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները խստացնելու ԱՄՆ բանաձևի վրա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել ՄԱԿ ԱԽ 13 անդամ:
Բանաձևում ասվում է, որ Անվտանգության խորհուրդն ամենավճռական ձևով դատապարտում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը, որն իրականացվել է Հյուսիսային Կորեայի կողմից մարտի 24-ին, ինչպես նաև բալիստիկ հրթիռների վերջին մի շարք այլ փորձարումները: Տեքստում հղում է արվում 2017 թվականի 2397 բանաձևի տեքստին, որում ասվում է, որ եթե Հյուսիսային Կորեան իրականացնի հրթիռի նոր փորձարկում, որն ունակ է կրելու միջմայրցամաքային հեռահարության լիցք, ապա ԱԽ-ն կշարունակի սահմանափակել նավթի արտահանումը Հյուսիսային Կորեա: Բանաձևով նախատեսվում է նաև որոշ ակտիվների սառեցում:
ԱՄՆ-ում կարծում են, որ հյուսիսկորեական հրթիռամիջուկային ծրագիրը թափ կհավաքի վետոյի պատճառով: Նման կարծիք է հայտնել կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը: