Շատ զարմանալի է, որ հիմա բոլորն իրենց հերթին ելնում ու սկսում են իրենց կարծիքը արտահայտել Մաքսային միության կամ Եվրոպական Ասոցացման համաձայնագրի հետ կապված: «Ես ուզում եմ հարց տալ շատերին, իսկ իրենք ծանո՞թ են Մաքսային միությանը կամ «Խորը և համապարփակ առևտրի» համաձայնագրի նախագծին: Ծանո՞թ են, գնահատե՞լ են դրանց հետևանքները Հայաստանի համար, կամ ծանո՞թ են Մաքսային միության բոլոր կանոններին, գնահատել են դրանք, թե՞ ոչ: Այստեղ ամեն մեկը չպետք է իրեն իրավունք վերապահի և կեղծ գնահատականներ տա», - լրագրողների հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Պատգամավորը սա համարում է կեղծ օրակարգային հարց: Ըստ նրա, Ռուսաստան ես գնու՞մ, թե՞ Եվրոպա հարցը չպետք է դրվի, այլ պետք է դրվի շատ պարզ հարց` Հայաստանի Հանրապետության շահերին համապատասխան ինչ հիմնական մարտահրավերներ ունենք և որ հիմնական համակարգերն են, որ պետք է օգտագործենք այդ մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ:
Նա նաև չի ընդունում այն կտրուկ հարցադրումը, որ անդամակցելով Մաքսային միությանը մենք իսպառ վերացնում ենք Եվրոպական ինտեգրացիան, կամ հակառակը: Նրա խոսքերով, պետք է տարանջատել նաև այն հարցերը, որից ելնելով պետք է միանանք այս կամ այն նախաձեռնությանը:
«Խոսքը մասնավորապես գնում է Լեռնային Ղարաբաղի մասին, եթե երաշխավորում կա, մենք գնանք Եվրասիական տարածաշրջան, եթե Եվրոպան է երաշխավորում, գնանք Եվրոպական տարածաշրջան: Ի վերջո հերիք է ուրիշի շահերով առաջնորդվենք, մի քիչ էլ մեր շահերով առաջնորդվենք», - եզրափակեց նա: