Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հայտերի վերաբերյալ Եվրահանձնաժողովի եզրակացությունն արդեն հաջորդ շաբաթ կարող է կայացվել, հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը։

Որոշումն ինքը, ենթադրաբար, կկայացվի մեկ ամսվա ընթացքում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»։


Նա ձեռնպահ է մնացել կանխատեսումներ անելուց՝ նշելով, որ «արդյունքը կարող է սպասվածից ավելի քիչ կամ ավելի շատ լինել»։

Անկախ որոշումից՝ Վրաստանը կշարունակի եվրաինտեգրումը, ընդգծել է դիվանագետը։ «Չեմ ուզում շահարկել գնահատման արդյունքների, ԵՄ խորհրդի որոշման հարցում։ Ասեմ միայն, որ ինչ արդյունք էլ լինի, կա մեկ հիմնական լուծում, որը անփոփոխ է՝ ժամանակն է, որ Վրաստանն աշխատի այս հարցի ուղղությամբ, այն հարցի ուղղությամբ, թե ինչ է անհրաժեշտ Եվրամիություն վստահ մուտք գործելու համար»,- ասել է Հարցելը:

Վրաստանն ու Մոլդովան ԵՄ-ին անդամակցելու հայտը մարտի 3-ին են ներկայացրել, Ուկրաինայից հետո։ Երկրներն արդեն անցել են առաջին փուլը՝ լրացրել են Եվրահանձնաժողովի հարցաթերթիկները, որոնք պարտադիր են թեկնածուի կարգավիճակին հավակնող բոլոր երկրների համար։