ԱՄՆ-ի տնտեսական ագրեսիան՝ ուղղված Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ, պարզվեց, անիմաստ էր եւ Ամերիկայի համար ձախողմամբ ավարտվեց, հայտարարել է թուրքական Cumhuriyet թերթի հոդվածի հեղինակ Մեհմեթ Ալի Գյուլերը։

Նրա կարծիքով, ամերիկացի քաղաքական գործիչների հաշվարկը՝ կապված «տոտալ պատժամիջոցների» հետ, չաշխատեց այն պատճառով, որ չհասկացան Ռուսաստանի կառուցվածքը, որն ի պատասխան՝ իր բոլոր ուժերը կենտրոնացրեց ազգային տնտեսություն կառուցելու վրա։


«ԱՄՆ-ը չկարողացավ սանձել այլ երկրներին։ Նա չկարողացավ ստիպել եվրոպական զարգացած տնտեսություններին՝ Գերմանիայի գլխավորությամբ, էներգետիկ պատժամիջոցներ կիրառել, իսկ հացահատիկի նկատմամբ սահմանափակումները, ըստ ամենայնի, կվերացվեն։ Նա չկարողացավ համոզել Սաուդյան Արաբիային համագործակցել իր հետ էներգետիկ շուկաները վերահսկելու համար։ Նրան չհաջողվեց «արգելափակել» այնպիսի խոշոր գնորդների, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Կորեան եւ Թուրքիան»,- հիշեցրել է Գյուլերը:

Նա ընդգծել է, որ իր իսկ նախաձեռնությունների պատճառով Վաշինգտոնը հայտնվել է ֆինանսական ծանր վիճակում։ «Ամերիկյան տնտեսությունը 2022 թվականի առաջին եռամսյակում կրճատվել է 1,5 տոկոսով։ Սակայն առաջին եռամսյակում սպասվում էր 1,1 տոկոս աճ։ Մյուս կողմից՝ ԱՄՆ-ում գնաճը ռեկորդներ է սահմանում։ Տարեկան գնաճը փետրվարի 7,9 տոկոսից մարտին հասել է 8,5 տոկոսի՝ գերազանցելով սպասելիքները, եւ հասել է 40 տարվա առավելագույնին։ Իսկ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը այս ամսվա սկզբին բարձրացրել է իր հիմնական տոկոսադրույքը մինչեւ տարեկան մեկ տոկոս»,- նշվում է հոդվածում:

Միեւնույն ժամանակ, էներգառեսուրսների վաճառքից ռուսական եկամուտներն այս ապրիլին կիսով չափ աճել են՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նշել է Գյուլերը։ Արեւմտյան պատժամիջոցների ձախողման մասին է վկայում նաեւ ռուբլին։

«Ռուսական ռուբլին, հակառակ ԱՄՆ-ի սպասումներին, ամրապնդվեց դոլարի նկատմամբ։ Դոլարի նկատմամբ փոխարժեքը, որը մինչեւ Ուկրաինայում հատուկ գործողությունը կազմում էր մոտ 77 ռուբլի, մարտի 6-ին պատժամիջոցների առաջին ցնցումից հասավ 114-ի, իսկ ապրիլի 3-ին կրկին վերադարձավ այն ցուցանիշներին, որոնք եղել էին մինչեւ հատուկ գործողության մեկնարկը։ Դրանից հետո ռուսական արժույթն ամեն օր ամրապնդվում էր, իսկ մայիսի 22-ին այս ցուցանիշը իջավ մինչեւ 57։ Այսպիսով, ռուբլին դոլարի նկատմամբ ավելացավ 30 տոկոսով եւ հասավ իր ամենաբարձր մակարդակին վերջին չորս տարվա ընթացքում»,- արձանագրել է հեղինակը: