ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Բնական պաշարների նախարարության Երկրի արբանյակային հեռազննման կիրառության կենտրոնի միջև առցանց ձևաչափով ստորագրվել է «Արբանյակային պատկերների կիրառման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

ԳԱԱ-ից NEWS.am-ին հայտնում են, որ փաստաթուղթը մայիսի 16-ին ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և ՉԺՀ ԲՊՆ ԵԱՀԿԿ գլխավոր տնօրեն Վանգ Քվանը:


Համագործակցության շրջանակներում չինական կողմն ամպային ծառայության հարթակի միջոցով ՀՀ ԳԱԱ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտին անվճար կտրամադրի ՀՀ բնական ռեսուրսների արբանյակային 2 մետր ճշտությամբ տվյալներ:

Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է մաթեմատիկական մեթոդների կիրառմամբ բարձր ճշտությամբ հեռազննման տվյալների մշակում և ճանաչում, ՀՀ բնական ռեսուրսների, երկրաբանական վտանգ ներկայացնող գործընթացների, երկրադինամիկայի արբանյակային պատկերների հիման վրա տարբեր մասշտաբի քարտեզների կազմում, տվյալների շտեմարանի ստեղծում, տվյալների փոխանակում, գիտական համատեղ նախագծերի իրականացում, գիտական արդյունքների հրապարակում, գիտաժողովների, սեմինարների և վերապատրաստման դասընթացների կազմակերպում, կադրերի փոխանակում, գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ջրային պաշարների, հողային ռեսուրսների կառավարման, քաղաքաշինության, բնապահպանական միջավայրի, աղետների կանխարգելման և դրանց հետևանքների մեղմման և այլ ոլորտներում հեռազննման տվյալների և GIS համակարգերի կիրառում, աջակցություն բնական աղետների ժամանակ, տարածաշրջանային համագործակցության մեխանիզմի և ենթակառուցվածքային ցանցի զարգացում: