Մայիսի 28-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է 13 ծանրորդով:
Փաշիկ Ալավերդյանի գլխավորած հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությունում հանդես կգան. 81 կգ քաշային կարգ՝ Կարեն Մարգարյան եւ Ռաֆիկ Հարությունյան, 89 կգ՝ Անդրանիկ Կարապետյան, Վարդան Մանուկյան, 96 կգ՝ Դավիթ Հովհաննիսյան, Արա Աղանյան, 102 կգ՝ Սամվել Գասպարյան, 109 կգ՝ Արսեն Մարտիրոսյան եւ +109 կգ ՝ Գոռ Մինասյան եւ Վարազդատ Լալայան:
Կանանց պայքարում Եվրոպայի առաջնության կազմում ընդգրկված են՝ Իզաբելա Յայլյանը (55 կգ), Տաթեւ Հակոբյանը (76 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):
Հայաստանի թիմից առաջինը պայքարի մեջ է մտել Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Իզաբելա Յալյանը, որը երկամարտի 197 կգ արդյունքով (90 կգ + 107 կգ) զբաղեցրել է 5-րդ տեղը:
Հունիսի 1-ին պայքարի մեջ է մտնում տղամարդկանց հավաքականը: Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ:
81 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգան երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների եռակի չեմպիոն Կարեն Մարգարյանն ու երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը:
Երկու ծանրորդների նախնական հայտը երկամարտում 335 կգ է:
81 կգ քաշայինների А խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին:
Հունիսի 2-ին Հայաստանը կունենա երեք մասնակից: Տղամարդկանց 89 կգ քաշայիններ պայքարում կմրցեն Անդրանիկ Կարապետյանը, Վարդան Մանուկյանը, կանանց 76 կգ քաշային կարգում՝ Տաթեւ Հակոբյանը:
Հունիսի 3-ին պայքարում կլինեն 96 կգ քաշայիններ Դավիթ Հովհաննիսյանն ու Արա Աղանյանը:
Հունիսի 4-ին տղամարդկանց պայքարում Հայաստանը կունենա երկու մասնակից: 102 կգ քաշային կարգում կմրցի Սամվել Գասպարյանը, 109 կգ քաշային կարգում՝ Արսեն Մարտիրոսյանը: Կանանց 87 կգ քաշայինների պայքարում 6 տարվա դադարից հետո հունիսի 4-ին մրցահարթակ դուրս կգա Հռիփսիմե Խուրշուդյանը:
Հունիսի 5-ին, առաջնության վերջին օրը մրցահարթակ դուրս կգան գերծանր քաշային կարգի ներկայացուցիչները՝ Գոռ Մինասյանն ու Վարազդատ Լալայանը (+109 կգ):