Քանի դեռ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտություն է մոլեգնում, կարծես թե պատրաստվում են եւս մեկին, այս անգամ ՆԱՏՕ-ի երկու անդամներ Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ, գրում է Eurasian Times-ը։
Թուրքական եւ Ադրբեջանի հատուկ ջոկատայինները վերջերս հունական կղզիներում վայրէջքներ են մոդելավորել՝ EFES-2022 համատեղ զորավարժությունների շրջանակում։ Ակնկալվում է, որ երկու ուժերը միասին կգործեն հունա-թուրքական ճգնաժամի դեպքում, հաղորդում է հունական City Times-ը:
Ըստ Pronews-ի հաղորդագրության, սցենարը ներառում է «ծովով հակառակորդի թիկունք ներթաանցում, ափամերձ գծի մաքրում եւ հակառակորդի առափնյա ռազմական օբյեկտների վրա հարձակում, ինչպես նաեւ՝ թիրախների վնասազերծում»:
Հունաստանի վրա հարձակման մոդելավորումը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի երկու երկրների միջեւ լարվածության սրման ֆոնին: Հունաստանը հայտարարել է, որ մտադիր է եռապատկել Թուրքիայի հետ երկրի սահմանին գտնվող պողպատե պատի երկարությունը։ Նա նաեւ հետեւողականորեն մեղադրում է Թուրքիային միգրացիան «գործիքավորելու» մեջ՝ ԵՄ երկրների վրա ճնշումը մեծացնելու նպատակով։
Թեեւ Թուրքիան ՆԱՏՕ-ի արժեքավոր դաշնակից է, որը կարեւոր դեր է խաղացել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու եւ երկու պատերազմող երկրների միջեւ բանակցություններ անցկացնելու հարցում, նա Եվրամիության մաս չէ: Բացի այդ, նա ներգրավված է Էգեյան ծովի շուրջ Հունաստանի եւ Կիպրոսի հետ տարածքային վեճի մեջ:
Հունաստանն ու Թուրքիան ավանդաբար լարված հարաբերություններ ունեն մի քանի հարցերի շուրջ, ներառյալ ծովային պահանջները Միջերկրական ծովի արեւելքում, որոնք առնչվում են էներգակիրների հանքերի որոնման իրավունքներին եւ կառավարման հետ կապված հարցերին։
Լարվածությունը սկսեց սրվել 2020 թվականին՝ կապված Միջերկրական ծովում հետախուզական հորատման իրավունքների հետ: Միջերկրական ծովում Հունաստանի եւ Կիպրոսի հավակնած բացառիկ տնտեսական գոտիները (ԲՏԳ) անհամատեղելի են Թուրքիայի ընկալումների եւ պնդումների հետ։ Սա հանգեցրել է սահմանափակ ծովային առճակատման:
Երկու կողմերի միջեւ լարվածությունն այնքան բարձր է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցյալ շաբաթ հայտարարեց, որ կավարտի բանակցությունները Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ եւ կչեղարկի հանդիպումը։
Ավելի վաղ Թուրքիան հրաժարվել էր մասնակցել Աթենքում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին։ Անկարան նաեւ շարունակում է պնդել, որ հունական կղզիներն ապառազմականացվեն։
Հաշվի առնելով այս սպառնալիքները՝ Հունաստանը վերջերս Ֆրանսիայից Rafale կործանիչներ է գնել եւ հայտարարել է, որ բանակցություններ կվարի Lockheed Martin-ից F-35 կործանիչներ գնելու շուրջ:
Թուրքիան իր հերթին ստացել է ԱՄՆ նախագահ Բայդենի աջակցությունը F-16-ների հարցում եւ շուտով կարող է ստանալ ամերիկյան կործանիչներ՝ իր նավատորմի արդիականացման համար:
Բացի այդ, Անկարան խնդրել է ԱՄՆ-ին վերանայել F-35-ի գործարքը։ Միեւնույն ժամանակ, Անկարան նաեւ կառուցում է սեփական հինգերորդ սերնդի TF-X կործանիչը, որը նախատեսում է առաջին թռիչքը կատարել առաջիկա երկու տարիների ընթացքում:
Այս ֆոնին Թուրքիան ազդանշաններ է ուղարկում Հունաստանին իր ռազմատենչության մասին եւ պատրաստում է իր մերձավոր գործընկեր Ադրբեջանին ռազմական աջակցության, եթե տարածաշրջանում երկու հակառակորդների միջեւ մարտական գործողություններ սկսվեն։
Հունական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Անկարան հետեւում է վարձկաններին օգտագործելու «բանաձեւին»։ Աթենքը կարծում է, որ Անկարան ադրբեջանցիներին ծանոթացնում է Էգեյան ծովի միջավայրին՝ 2021 թվականին Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակի համար Ադրբեջանի «հատուցման» նախապատրաստման շրջանակներում։ Թուրքական Bayraktar TB2 անօդաչու սարքերն այս պատերազմում խաղի կաոնները փոխել էին։
Թուրքական զինված ուժերի (TSK) օրինակով ստեղծված ադրբեջանական կոմանդոս խմբերը, որպես «Եղբայրներ բրիգադի» նախագծի շրջանակներում զսպման նոր ուժ, ժողովրդականություն են ձեռք բերել: Կապույտ բերետավոր այս կոմանդոսները, որոնք հիմնականում պատրաստվել են Թուրքիայում՝ ցանկացած պոտենցիալ կոնֆլիկտային ճգնաժամին արձագանքելու համար, Թուրքիայի զսպող ուժերից մեկն են եւ նոր ռազմական ուժը:
Թուրքիան արդեն նույն սցենարով զորավարժություններ է անցկացրել Պակիստանի հետ Հունաստանի դեմ։
EFES-2022-ը Թուրքիայի զինված ուժերի պլանավորված ամենախոշոր զորավարժություններից է։ Զորավարժություններին, որոնք, հավանաբար, կավարտվեն հունիսի երկրորդ շաբաթում, մասնակցում են ավելի քան 1000 օտարերկրյա զինվորականներ՝ աշխարհի 37 երկրներից։
Թեեւ զորավարժությունները օպերատիվ համատեղելիության ապահովմանն ուղղված թուրքական կարեւոր նախաձեռնություն են, Հունաստանի դեմ մոդելավորումը տխուր պատկեր է ստեղծում: Արժե մտածել, թե կհայտնվի արդյոք հորիզոնում եւս մեկ եվրոպական պատերազմ։