Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խորհրդակցություն է հրավիրել Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրների վերաբերյալ:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, Հանրային խորհրդի գյուղատնտեսության, բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Հայջրնախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Յուրի Ջավադյանը, ՀՀ Նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, Նախագահի աշխատակազմի եւ համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների պատասխանատու պաշտոնյաներ:
Քննարկվել են Արարատյան դաշտավայրի կայուն ոռոգման ապահովման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները, ձկնաբուծական տնտեսություններում փակ եւ կիսափակ համակարգերի, ինչպես նաեւ խորքային հորերի ավտոմատ կառավարման համակարգի ներդրման հնարավորություններն ու ապօրինի խորքային հորերի գույքագրման եւ փակման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները, որոնց ուղղությամբ տրվել են մի շարք հանձնարարականներ: