Նիկոլ Փաշինյանի` զորքերը հայելային հետ քաշելու վերաբերյալ առաջարկը քննարկման փուլում է: Այս մասին Խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
«Առաջարկը սեղանին է, իսկ առաջարկի կապակցությամբ միջազգային մի շարք գործընկերներ հայտնել են իրենց դրական դիրքորոշումը։ Այս մասով հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է և առաջարկն ուժի մեջ է», - ասաց նա։
Հիշեցնենք՝ մարտի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, թե զորքերը, բացի ամբողջական ետքաշումից, Հայաստանը հանդես է եկել նաև տեղային ետքաշումների առաջարկներով և այստեղ էլ սպասում են Ադրբեջանի արձագանքին:
«Մասնավորապես, Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք ետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք ետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը: Ինչպես ասացի, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին», - ասել էր Փաշինյանը։