Այս գիշեր Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահը կրկին մարդաշատ էր, կրկին հնչում էր զուռնա-դհոլ, կրկին մեծ թվով երկպագուներ՝ դրոշներով, պաստառներով անհամբեր սպասում էին չեմպիոնների վերադարձին:

Հունիսի 7-ին Երեւանի ժամանակով 03:59 Տիրանա - Վիենա - Երեւան չվերթով հայրենիք վերադարձան ծանրամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոններ Ռաֆայել Հարությունյանը, Դավիթ Հովհաննիսյանը եւ Հայաստանի հավաքականի մյուս մեդալակիրները:


Նորընծա չեմպիոններ, փոխչեմպիոններին եւ բրոնզե մեդալակիրներին դիմավորելու էին եկել ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամները, ծանրորդների հարազատները, բարեկամներն ու ընկերները, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ եւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որդին:

Ծանրորդները ժամանման սրահ դուրս եկան Փաշիկ Ալավերդյանի եւ հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանի ուղեկցությամբ:

Սրահը ցնծաց Եվրոպայի նորընծա չեմպիոնների դուրս գալուն պես եւ Հռիփսիմե Խուրշուդյանին դիմավորելիս:

Ռաֆայել Հարությունյանին եւ Դավիթ Հովհաննիսյանին դիմավորեցին չեմպիոններին վայել: Հրաչյա Ռոստոմյանն ու ՀԱՕԿ-ի ներկայացուցիչները չեմպիոններին եւ մեդալակիրներին դափնիներ հանձնեցին:

Ամենատպավորիչը Հռիփսիմե Խուրշուդյանի ժամանում էր: Նրանց եւս դիմավորելու էին եկել մեծ թվով հարազատներ եւ բարեկամներ: Հիշեցնենք, որ Հռիփսիմե Խուրշուդյանն Ալբանիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում 6 տարվա դադարից հետո իր վերադարձը նշեց մեծ սպորտ:

«Այն արդյունքները, որ գրանցեցին տղաները, հիացմունքի է արժանի: Ռաֆայել Հարությունյանն իսկական բացահայտում էր բոլորիս համար: Նույնը կարող եմ ասել Դավիթ Հովհաննիսյանի մասին: Չեմպիոնություն էինք սպասում նաեւ Սամվել Գասպարյանից, բայց սա սպորտ է եւ ամեն ինչ հնարավոր է: Ամեն դեպքում, ինչպես Սամվել Գասպարյանը, այնպես էլ մեր հավաքականի մյուս անդամներն ուղղակի փայլեցին Ալբանիայի մրցահարթակում: Ամենաշատն ուրախացել եմ Հռիփսիմե Խուրշուդյանի վերադարձով: Նա դեռ մեծ հաղթանակների կհասնի, նա իր տեսակով իսկական հայ կնոջ մարմնամավորում է: Իր մրցելույթի օրը նա ստիպեց բոլորիս վեհիշել 2016 թվականի Եվրոպայի չեմպիոնությունը եւ իր կամքի ուժով հավատացրեց, որ մենք նրա կրծքին դեռ տեսնելու ենք շողացող ոսկե մեդալներ Եվրոպայի, աշխարհի առաջնություններից եւ Օլիմպիական խաղերից: Նաեւ այդպիսի ակնկալիք ունենք Անդրանիկ Կարապետյանից: Գալու է այն օր, որ Անդրանիկը մեծ նվաճում է ունենալու, նրա պայքարը մի օր ոսկով փոխհատուցվելու է»,- ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, որը նաեւ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի համակարգողն է:

Հիշեցնենք, որ Ծանրամարտի Հայաստանի հավաքականը 7 մեդալով նվաճեց մայիսի 28-ից հունիսի 5-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանում անցկացված Եվրոպայի առաջնությունում: Հայ ծանրորդները երկամարտում նվաճեցին 2 ոսկե, 3 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ:

Ոսկե մեդալակիրներ դարձան Ռաֆայել Հարությունյանը (81 կգ) եւ Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ): Փոխչեմպիոններ դարձան Արա Աղանյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+109 կգ): Բրոնզե մեդալակիրներ դարձան Արսեն Մարտիրոսյանը (109 կգ, երկամարտ 371 կգ), եւ Գոռ Մինասյանը (+109 կգ, երկամարտ 446 կգ)։

89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 365 կգ (174+191) արդյունքով բավարարվեց 5-րդ տեղով: Հայաստանի հավաքականի անդամը փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում: Նույն քաշային կարգում Հայաստանի մյուս մասնակից Վարդան Մանուկյանը զրո ստացավ հրում վարժությունում եւ լքեց պայքարը:

Արտաշես Ներսիսյանի գլխավորած կանանց հավաքականից Հայաստանի երեք ներկայացուցիչներ Հռիփսիմե Խուրշուդյանը, Իզաբելա Յայլյանը եւ Տաթեւ Հակոբյանը մեդալներ չնվաճեցին:

Հռիփսիմե Խուրշուդյանը 6 տարվա դադարից հետո 5-րդ տեղը գրավեց Եվրոպայի առաջնությունում: Անվանի ծանրորդուհին երկամարտում գրանցեց 227 կգ արդյունք (105+122):

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3-րդ տեղը զբաղեցրեց երկամարտի մեդալային պայքարում ՝ զիջելով Բուլղարիային (8 մեդալ) եւ Ուկրաինային (7 մեդալ):

Լուսինե Շահբազյան