Քաղաքական ծայրահեղականությունն աճող սպառնալիք է Գերմանիայի համար, քանի որ դրա հետեւորդները, առաջին հերթին՝ ծայրահեղ աջերը, ավելի շատ են հակվում բռնության գործադրմանը, տեղեկացրել է Reuters-ը։

Սահմանադրության պաշտպանության դաշնային գործակալությունը 2021թ. հաշվել է 33 476 քաղաքականացված հանցագործություն, ինչը մի փոքր ավելի է, քան նախորդ տարի, բայց եւ քաղաքականացված բռնի հանցագործություններն են ավելացել 10 տոկոսով։


«Ծայրահեղ աջ էքստրեմիզմը ամենամեծ ծայրահեղական սպառնալիքն է մեր ժողովրդավարության համար»,- ասել է ներքին գործերի նախարար Նենսի Ֆայզերը՝ ներկայացնելով հաշվետվությունը... «Մենք այստեղ տեսնում ենք բռնության հանդեպ հակվածության մեծ աստիճան»։

Ներքին հետախուզության ծառայության տնօրեն Թոմաս Հալդենվանգը հայտարարել է, որ ապատեղեկատվությունը կարեւոր դեր է խաղացել տարատեսակ ծայրահեղական գործունեության խրախուսման համար։

Ծայրահեղ աջ ակտիվիստների թիվն ավելացել է՝ 33 900 մարդ, մինչդեռ «Ռեյխսբյուրգերին»՝ ռեւանշիստական խմբավորմանը պատկանող մարդկանց թիվը նույնպես մի փոքր ավելացել է՝ 21 000 մարդ (նրանք որդեգրել են ավելի վաղ՝ ոչ այնքան ժողովրդավարական պետությանը հավատարիմ լինելու ուղեգիծը)։

Հաշվետվությունում նշվել է, որ աճը պայմանավորվել է նրանով, որ այս մարդիկ փորձել են ընդդիմանալ այնպիսի միջոցների, ինչպիսին է դիմակների պարտադիր կրումը կորոնավիրուսի համավարակի զսպման համար։

Ծայրահեղ ձախ էքստրեմիզմը նույնպես ավելի է զարգացել. մոտ 34 700 մարդ է պատկանում այդ խմբին, ինչը մի փոքր ավելի է, քան նախորդ տարի։ Փոքր-ինչ նվազել է իսլամիստական ծայրահեղականության ակտիվությունը։