Ուշագրավ մի դիպված` սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ կնքված մաքսային համաձայնագրի վերաբերյալ: Արտասահմանյան իմ բոլոր գործընկերները, շեշտում եմ՝ այն գործընկերները, որոնք այս կամ այն կազմակերպության կամ օտարներին «սրբացնող» հայ անհատների կողմից չեն արժանացել «հայոց բարեկամ» տիտղոսին, միահամուռ ինձ հայտնեցին կատարվածի վերաբերյալ իրենց տեսակետը, որը մասամբ համընկնում է իմ անձնական կարծիքին:Այս մասին ասված է «168 ժամ» թերթում տպագրված պատմական գիտությունների թեկնածու Տիգրան Սարուխանյանի հոդվածում։

«Տարածաշրջանի հիմնահարցերով զբաղվող այդ փորձագետները միահամուռ են այն եզրահանգման մեջ, որ Հայաստանը, ստորագրելով համաձայնագիրը, մեկուսացրեց հնարավոր ռազմական ագրեսիան, որի դեմ, ցավոք, Հայաստանը միայնակ անկարող է դիմակայել: Անտարակույս, զոհասեղանին էր դրված Ղարաբաղի հարցը: Սերժ Սարգսյանը այն չէր կարող զոհել: Անվիճելի է նաեւ այն, որ եվրոպական ոչ մի տերություն, այդ թվում, այդ տերությունների անունից հավաքական հանդես եկող ԵՄ-ն, անկարող է պաշտպանել Հայաստանն ու Ղարաբաղը, այն պարզ պատճառով, որովհետեւ չունի ոչ տնտեսական եւ ոչ էլ քաղաքական շահ: Պատմությունը մի շարք անգամներ հաստատել է այն պարզ ճշմարտությունը, որ անգլիական նավերը անկարող են բարձրանալ հայկական լեռները, իսկ՝ եվրոպական տեխնո -իմպերալիզմը Կովկասը եւ Փոքր Ասիան դիտում է որպես իր արտադրանքի իրացման շուկա, նաեւ՝ աշխարհաքաղաքական մի տարածք, որով կամրջում է իր սեփական շահը հսկա Արեւելքի հետ...»,- մեջբերում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):