Հունիսի 9-ին ողբերգական դեպք է տեղ ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:20–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնուտ գյուղում գտնվող լճերից մեկում քաղաքացի է ջրահեղձ եղել և դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, սակայն անհրաժեշտություն է եղել, որպեսզի որոնողական աշխատանքներին ներգրավվի ջրասուզակը: Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատը և նշված ջոկատի ջրասուզակ Խաչատուր Մուրադյանը:
Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների թիվ 18 ջոկատի փրկարարները ջրասուզակի հետ մոտ 3 ժամ կատարել են որոնողական աշխատանքներ, ինչից հետո միայն ջրասուզակին հաջողվել է հայտնաբերել երիտասարդի դին:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Կայքի տեղեկություններով՝ ջրահեղձ եղած քաղաքացին Արմավիր քաղաքի բնակիչ, 19-ամյա Ս․ Ո.-ն էր: Նա իր 4 ընկերների հետ եկել է նշված վայր լողալու: Մեկ անգամ մտել են լիճ, դուրս են եկել, հետո նորից են մտել ու այդ ժամանակ Սամվելը հայտնել է, որ չի կարողանում դուրս գալ: Ընկերները փորձել են օգնել, սակայն չեն կարողացել և անմիջապես ահազանգել են 911: