ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Կողմերն անդրադարձել են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքներին։


Մհեր Գրիգորյանը հունիսի 3-ին Մոսկվայում մասնակցել է եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ հանդիպմանը, որի մասին տեղեկությունը հրապարակել է միայն ռուսական կողմը. «Կողմերը քննարկել և ի մի են բերել իրենց դիրքորոշումները սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողության, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով ճանապարհներով անվտանգ երթեւեկության հարցերի շուրջ։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապ ապահովող ավտոմայրուղու անցման հնարավոր երթուղիների շուրջ»։

 

Այս հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «կա ընդհանուր ընկալում այն մասին, որ բոլոր ապաշրջափակվող ենթակառուցվածքները, ճանապարհները, երկաթուղիները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են»:

Անատոլիական գործակալությանը տված հարցազրույցում Բաքվի արտաքին գործերի նախարար Բայրամովը նշել է, որ Հայաստանը «շարունակում է ձգձգել Զանգեզուրի միջանցքի իրականացման գործընթացը»: «ԵՄ նախաձեռնությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները վերջին երկու ամիսների ընթացքում երկու դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել։ Բանակցությունների օրակարգում, ի թիվս այլ խնդիրների, ընդգրկված է նաև տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, ինչպես նաև երկու երկրների միջև սահմանազատումն ու սահմանագծումը», ասել է նախարարը։


Ալիևը Բրյուսելում կայացած հանդիպումից հետո հայտարարել էր, թե համաձայնեցվել է «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որին ի պատասխան Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի խոսնակը հայտարարել է, որ «արտատարածքային հաղորդակցությունների» մասին խոսք չի եղել։

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ասվում է, որ Մոսկվան վերահսկելու է Նախիջևանի և Ադրբեջանի միջև ճանապարհը, երբ կողմերը համաձայնեն ապաշրջափակել հաղորդակցությունը։ Մեկնաբանելով այս կետը՝ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան «Ազատություն» ռադիոկայանին ասել է. «Ինչ վերաբերում է Նախիջևան տանող ճանապարհին և այլ երթուղիներին, որոնք պետք է վերահսկվեն Ռուսաստանի կողմից, այո, այդպես է, և առայժմ այդպես կլինի։ Բայց գաղափարն այն է, որ ժամանակի ընթացքում սա ի վերջո կփոխվի»:

Քանի դեռ կողմերը կասկածի տակ չեն դնում նոյեմբերի 9-ի ռուս-թուրքական «եռակողմ» հայտարարությունը, «միջանցքի» շուրջ քաշքշուկը կշարունակվի։ Մհեր Գրիգորյանն ու Լին Թրեյսին խոսե՞լ են այս մասին։

 

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/06/07/721871/