Պաշտոնական Թբիլիսին հայտարարել է, որ Աբխազիայի միջով երկաթգծի կապի վերականգման մասին ոչ մի որոշում այս պահին ընդունված չէ, իսկ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը այդ կապակցությամբ չի համապատասխանում իրականությանը: Այս մասին փոխանցում է Грузия Online-ը:
«Մենք հաստատում ենք, որ երկաթգծի վերականգման հարցը քննարկում է Վրաստանի կառավարությունը և համարում եմ, որ դա հետաքրքիր ծրագիր է, սակայն մինչև որոշումի կայացումը պետք է անցնել երկար ճանապարհ: Այդ թվում անհարժեշտ է որոշել ոչ միայն քաղաքական և տնտեսական հարցեր, այլև անցկացնել քննարկումներ և ձևավորել հասարակական միտքը: Այս պահին Վրաստանի իշխանությունը չի ընդունել ոչ մի պաշտոնական որոշում Աբխազիայի միջով երկաթուղային հաղորդակցության վերականգման մասին և կատարել ինչ-որ նախնական հայտարարություններ վաղ է»,- նշված է Վրաստանի կառավարության հաղորդագրության մեջ:
Վրաստանի ԱԳ նախարարությունը իր հերթին հերքել է Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը: «Ընդհանուր առմամբ այս երկաթուղու թեման շատ հետաքրքիր թեմա է, որը կարող է համապատասխանել մեր հետաքրքրություններին: Երբ սկսվեցին խոսակցությունները այս թեմայով, մենք ասեցինք, որ կառավարությունը չի անի որևէ մի բան, որը չի մտնում իր հետաքրքրությունների մեջ: Իսկ թե ինչ կարող է լինել իր հետաքրքրությունների շրջանակում ցույց կտա դեպքերի զարգացումը: Չնայած տեղեկատվության տարածումը, որ տրված է որևէ թույլտվություն կամ ձեռք է բերված որևէ համաձայնություն, չի համապատասխանում ճշմարտությանը»,- հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջեկիձեն:
Հիշեցնենք, որ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր, որ Ռուսաստանը, Վրաստանն ու Աբխազիան համաձայնության են եկել աբխազական երկաթգծի գործարկման հարցում: Ըստ նրա, Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող այս հարցը քննարկվել է Մոսկվայում սեպտեմբերի 3-ին ՀՀ ու ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը:
«Վրացական կողմը տվել է իր համաձայնությունը, ինչպես նաև ռուսական ու աբխազական կողմերը: Սա ընթացք է, ու մենք պետք է հասկանանք, որ հակամարտող կողմեր կան: Բայց գլխավորն այն է, որ այդ երկաթգիծը բացելու քաղաքական, ինչպես նաև երկաթուղային կապի զարգացման կամք կա, ինչը նշվել է համատեղ հայտարությունում»,- ասել է Բաղդասարյանը: