Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի տեղափոխությունը ձախողելու պատճառների մասին։ Արքայական ակումբին միանալու փոխարեն Մբապեն 3 տարով երկարաձգեց համագործակցությունը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ։
«Նա ինձ չի դավաճանել։ Նա խոսում էր «Ռեալում» խաղալու իր երազանքի մասին, եւ դա ճշմարտություն է։ Անցած տարվա օգոստոսին ՊՍԺ-ն չցանկացավ նրա վաճառել։ Մենք սպասեցինք մեկ տարի։ Մբապեն կրկնում էր, որ ցանկանում է պայմանագիր կնքել «Ռեալի» հետ։ 15 օրում իրավիճակը փոխվեց քաղաքական ճնշման եւ տնտեսական գործոնների պատճառով։
Նա կատարեց ամենահասարակ ընտրությունը։ Նրա երազանքը փոխվեց։ Նա շատ երիտասարդ է։ Բոլորս էլ հայտնվում ենք ճնշումների տակ, բայց երիտասարդների համար բարդ է դիմադրելը։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հեռախոսազանգը մեծ ազդեցություն ունեցավ նրա վրա։ Ես չգիտեմ՝ երեք տարի հետո ինչ կլինի»,- Պերեսի խոսքը մեջբերում է El Chiringuito-ն։
Անցած ամռանը ՊՍԺ-ն հրաժարվել էր 180 միլիոն եվրոյով վաճառել Մբապեին Արքայական ակումբին, որը հույս ուներ այս ամռանը նրան ձեռք բերել անվճար։