«Սասնա ծռեր»-ի անդամ Պավել Մանուկյանի կինը՝ Մարինե Մանուկյանը, բաց նամակ է հղել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին և ՀՀ արդարադատության նախարարին. «Պավել Մանուկյանն ունի լուրջ առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են ազատազրկման ձևով պատիժը կրելու հետ, սակայն սույն թվականի մայիսի 28-ից նրան պահում են «Նուբարաշեն» կալանավայրում:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Կամո Մանուկյանն արդեն մի քանի օր է պաշտոնապես տեղեկացված է Պավել Մանուկյանի առողջական խնդիրների մասին, սակայն համապատասխան միջոցներ չի ձեռնարկում Պավել Մանուկյանին բժշկական օգնություն տրամադրելու համար:
Պավել Մանուկյանին համապատասխան բժշկական հիմնարկում օգնություն չտրամադրելը հավասարազոր է խոշտանգման: Հրապարակավ դիմում եմ մարդու իրավուքների պաշտպանին և պետական լիազոր մարմինների պաշտոնյաներին պահանջով` Պավել Մանուկյանին հիվանդանոցային պայմաններում անհապաղ բժշկական օգնություն տրամադրելու միջոցներ ձեռնարկելու համար:
Իմ և Պավել Մանուկյանի կողմից բարձրաձայնված պահանջի լուծումը անտեսելը հնարավոր է հանգեցնի անդառնալի հետևանքի` խոշտանգման հիմքով իշխանության կողմից անգործության դրսևորմամբ մարդուն կյանքից զրկելու դիտավորությանը»: