Հունիսի 17-ի նիստում ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին արձանագրության մեջ։ Խոսքը ռազմակայանի ստորաբաժանումների նոր տեղակայման եւ ռուսական կողմին հողատարածքների ու անշարժ գույքի փոխանցման մասին է։


Ռուսաստանը, առաջնորդելով Հայաստանի դեմ Արցախում 2020-ի ռազմական արշավը եւ Հայաստանի տարածք Բաքվի ներխուժումները, ձեւավորում է իր նոր «ճակատային գիծը»։ Բաքվի ներխուժումները ճշգրիտ համընկնում են այն կետերին, որոնց մասին նշվում է կառավարության որոշման մեջ, որտեղ մտադիր են բազավորվել ՌԴ զինվորականները՝ Գյումրիի բազայի «ընդլայնման եւ նոր տեղակայումների» վերաբերյալ նոյեմբերի 9-ից ի վեր ՀՀ ղեկավարության առաջարկների հիման վրա։

Տեղակայման այդ վայրերը համընկնում են Հայաստանի տարածքով միջանցքների բացման եւ ՀՀ տարածքը խորհրդային քարտեզներով սահմանազատելու, կամ ինչպես Պուտինն է ասել՝ կտրելու-հավասարեցնելու, ռուսական պլաններին։ Այսպիսով, լուծվում է Սյունիքից Տավուշ Հայաստանը արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհների լիակատար վերահսկողության եւ ՀՀ լիակատար տնտեսա-քաղաքական մեկուսացման խնդիրը։

Տեղի է ունենում Հայաստանի նոր օկուպացիա Բաքվի ներխուժումների ու ՀՀ կառավարության առաջարկների միջոցով։ Ուկրաինայում բանակի խոշոր կորուստների եւ համընդհանուր մոբիլիզացիայի հարցում մտավախությունների Պայմաններում Կրեմլի վարչակազմը դիմում է ուկրաինական անձնակազմի համալրման արտառոց միջոցների, այդ թվում՝ Գյումրիի բազայից ու Արցախում ռազմական կոնտինգենտից։

Գյումրիի բազայի դուրսբերումն անհավանական սցենար չէ, ընդ որում՝ դա քննարկվելու է ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի հետ՝ «ռուս-թուրքական նոր սահմանի» վերաբերյալ համաձայնություններով։ Մոսկվա-Անկարա ներկայիս համաձայնությունների էությունը 1921-ի Կարսի պայմանագրի վերաթարմացումն է ընդլայնված կիրառմամբ․ սահմանազատման արդյունքում օրինականացվելու է Արցախի ու Նախիջեւանի պատկանելությունը Բաքվին՝ Նախիջեւանում թուրքական բազաների լիովին օրինական տեղակայման հնարավորություններով։


Իրադարձություններն առայժմ ընթանում են այս սցենարով՝ երեւանյան իշխող խմբակի ու «թրքացմանը դիմադրող» ռուսանպաստ խմբերի՝ Ռուսաստանին երախտագիտության ողորմելի ձոների ներքո։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/06/21/724359/