Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ-ի էլիտար զորամասեր) երեք նավակ երկուշաբթի 46 մետր մոտեցել է USS Sirocco-ի եւ USNS Choctaw County-ի նավերին։ Այս մասին տեղեկացրել է The Washington Post թերթը՝ հղում կատարելով Պենտագոնի իր աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ իրանական նավակները «վտանգավոր բարձր» արագությամբ սլացել են Sirocco պարեկանավի եւ արագընթաց տրանսպորտային Choctaw County նավի կողքով։ Ըստ պարբերականի աղբյուրների՝ նավերը Պարսից ծոցի միջազգային ջրերում էին, երբ իրանական երեք նավակներն ընդհուպ մոտեցել են Sirocco-ին։ Նրանք հեռացել են միայն այն բանից հետո, երբ Sirocco-ն ձայնային նախազգուշացնող ազդանշան է տվել։ Իրանական նավակները 46 մետր մոտեցել են Choctaw County-ին, ինչն ստիպել է Sirocco-ի անձնակազմին ազդանշանային կրակ բացել։ Միջադեպը շարունակվել է մոտ մեկ ժամ։
ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Ջոզեֆ Բուչինոն, որի օպերատիվ պատասխանատվության գոտու մեջ են մտնում, մասնավորապես, Մերձավոր Արեւելքը, Հարավային եւ Կենտրոնական Ասիան, ասել է, որ իրանցի զինծառայողների գործողությունները չեն համապատասխանել ծովում պրոֆեսիոնալ եւ անվտանգ վարքի միջազգային չափորոշիչներին, ինչը մեծացրել է վրիպումների եւ բախումների հավանականությունը։ «ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության ուժերը կշարունակեն թռչել, լողալ եւ գործունեություն իրականացնել սեփական պատասխանատվության գոտու ցանկացած կետում, որտեղ դա թույլ է տալիս միջազգային իրավունքը՝ նպաստելով տարածաշրջանային կայունությանը»,- ասել է նա։
Անցած տարի իրանական երեք նավակ նույն կերպ 62 մետր մոտեցել էր ամերիկյան երկու նավի, որոնք պարեկում էին Պարսից ծոցի միջազգային ջրերում, ինչը ստիպել էր ԱՄՆ զինծառայողներին մի քանի նախազգուշական կրակոց արձակել։