«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունում խաղաղ ժամանակներ չեն։ Նախօրեի երեկոյան Արցախի խորհրդարանում ներկայացված խմբակցությունը նիստ է արել, թեժ զրույց ունեցել խմբակցության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Գագիկ Բաղունցի հետ ու վերջինիս գահընկեց արել՝ խմբակցության ղեկավար առաջադրելով պատգամավոր Մարսել Պետրոսյանին, որն ի սկզբանե այդ պաշտոնում էր, սակայն պատերազմից հետո փոխանցեց Բաղունցին, որն առավել իշխանամետ հայացքներ ունի եւ մոտ է Արայիկ Հարությունյանի շրջապատին։
Բաբայանի կուսակիցները Բաղունցին ասել են, որ ինքը չի արտահայտում կուսակցության դիրքորոշումը եւ միայնակ խաղ է տանում։ Ի դեպ, Բաբայանի կուսակցության մեջ կռիվ գցողը եղել է Էդմոն Մարուքյանը, որը վերջերս Արցախ էր մեկնել, հանդիպել Բաղունցի հետ։ Հաջորդ օրը Մարսել Պետրոսյանը մեզ տված հարցազրույցում չթաքցրեց, որ իրենց անտեսել են՝ չեն ասել, թե որն է եղել հանդիպման նպատակը։ Նա Բաղունցի հասցեին ակնհայտ քամահրանքով էր խոսել, ասելով՝ «էն մորուքավորը»։
Հարցազրույցից հետո Բաղունցը հաշիվ է պահանջել Պետրոսյանից, ապա փոխադարձ մեղադրանքներ են հնչել, եւ արդյունքում որոշվել է, որ կուսակցությունում կուրսը պետք է փոխվի, ու խմբակցության ղեկավարի պաշտոնին վերադառնա Բաբայանի խոսափողը։ ԱԺ առաջիկա նիստին կհայտարարվի այդ մասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում