ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ինչպես սպասվում է, չորեքշաբթի կոչ է անելու ժամանակավորապես դադարեցնել բենզինի մեկ գալոնը 18,4 սենթ դաշնային հարկի գործողությունը, «Ռոյթըր» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրել է Սպիտակ տան ղեկավարի ծրագրերի մասին տեղեկացված աղբյուրը։

Բայդենը երկուշաբթի հայտարարել էր, որ դիտարկում է ժամանակավորապես բենզինի հարկը դադարեցնելու հարցը, մինչեւ որ Միացյալ Նահանգները հաղթահարի բենզինի թանկացման եւ գնաճի հարցը։ Բենզինի հարկի չեղարկումը կարող է հանդիպել ընդդիմության Կոնգրեսում, այդ թվում շատ դեմոկրատների կողմից։


Սպիտակ տանը, մանրամասներ չնշելով, հայտարարել են, որ Բայդենը չորեքշաբթի, ԱՄՆ Արեւելյան ժամանակով ժամը 14.00-ին մեկնաբանելու է բենզինի գների հարցը։

Բենզինի բարձր գները լուրջ քաղաքական խնդիր են Բայդենի եւ դեմոկրատների համար, որոնք փորձում են պահել Կոնգրեսի վերահսկողությունը նոյեմբերի միջանկյալ ընտրությունների ժամանակ։

Բայդենն օգտագործել է բազմաթիվ լծակներ գներն իջեցնելու համար՝ այդ թվում ռազմավարական պաշարներից ռեկորդային քանակությամբ նավթ բաց թողնելով եւ դիմելով ՕՊԵԿ-ի խոշոր երկրներին՝ խնդրելով, որ ավելացնեն նավթարդյունահանումը։

Վառելիքի գներն ամբոջղ աշխարհում բարձրանում են մի քանի գործոնների պատճառով՝ պահանջարկի վերականգնում, պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ եւ վերամշակող հզորությունների կրճատում։

Հունիսի 11-ի դրությամբ ԱՄՆ-ում բենզինի միջին գինը առաջին անգամ գերազանցել է մեկ գալոնը 5 դոլարը։ Երեքշաբթի բենզինի միջին գինը 4,97 դոլար էր։

Էներգետիկայի նախարարության տվյալներով՝բենզինի գինն ԱՄՆ-ում, գնաճով պայմանավորված, ցածր է 2008թ. հունիսի առավելագույնից, երբ վառելիքի գինը հասել էր մեկ գալոնը 5,41 դոլար մակարդակի։