Ռուսաստանը կշարունակի աջակցել հաղորդակցությունների բացմանը Հարավային Կովկասում։ Այս մասին ավանդական ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ողջունում ենք փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի՝ Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված գործունեության ակտիվացումը»,- ասել է Զախարովան։
Նա հիշեցրել է, որ հունիսի 3-ին տեղի էր ունեցել հերթական նիստը, կողմերը ճշտել էին դիրքորոշումները մի շարք հարցերում։ Բանավեճերը շարունակվել են հունիսի 16-17-ին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։
Ինչ վերաբերում է աշխատանքի մանրամասներին, ապա ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը խորհուրդ է տվել հարցը հասցեագրել խմբի համանախագահներին։