«Մեծ յոթնյակի» եւ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները հաջորդ շաբաթ կփորձեն ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմի պատճառով։ Նրանք կընդգծեն իրենց անհանգստությունը Չինաստանի հետ կապված, չորեքշաբթի հայտարարել են ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը կմեկնի Վաշինգտոնից, որպեսզի Գերմանիայի հարավում հանդիպի G7-ի երկրների ղեկավարների հետ, այնուհետեւ կմեկնի Մադրիդ՝ մասնակցելու գագաթաժողովին, որտեղ ՆԱՏՕ-ն կհամաձայնեցնի նոր պարտավորությունները զինված ուժերի տեղակայման հետ կապված, իսկ Վաշինգտոնը կհայտարարի եվրոպական անվտանգության ամրապնդման քայլերի մասին։


Պաշտոնական անձանց խոսքերով՝ Ավստրալիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի եւ Նոր Զելանդիայի ղեկավարներին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի աշխատանքներին ներառելն ուղղված էր այն բանին, որպեսզի ցույց տրվի, որ պատերազմն Ուկրաինայում Չինաստանից չի շեղել արեւմտյան երկրների ուշադրությունը։

Սպասվում է, որ G7-ի ղեկավարները կդիտարկեն նաեւ Չինաստանի տնտեսական գործողությունները, որը վերջին տարիներին իրեն ավելի ագրեսիվ է պահում, ասել է աշխատակազմի աշխատակիցներից մեկը։

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը ակտիվացրել է մեր գործընկերային հարաբերություններն ամբողջ աշխարհում,- ասել է երկրորդ աղբյուրը։- Դա նաեւ ցույց է տալիս, որ Ուկրաինան մեզ չի ստիպում շեղել մեր հայացքը Չինաստանից։ Իրականում ուղիղ հակառակն է»։

Նոր ռազմավարական հայեցակարգը, որը պետք է հավանության արժանացնեն ՆԱՏՕ-ի ղեկավարները, ուղղված է լինելու ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Չինաստանից բխող սպառնալիքների վերացմանը, ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկու հանդիպումների ժամանակ հանդես կգա վիրտուալ ձեւաչափով։ Նա կներկայացնի Կիեւի ռազմական պլանները եւ կնշի անվտանգության ոլորտում տրամադրվելիք օգնությունը, որն անհրաժեշտ է իր երկրին Ռուսաստաի դեմ պայքարում, ասել են աշխատակազմի ներկայացուցիչները։

Բայդենը երկկողմ հանդիպում կունենա Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, որի երկիրն այս տարի նախագահում է G7-ում, ինչպես նաեւ Մադրիդում կհանդիպի Իսպանիայի նախագահ Պեդրո Սանչեսի եւ Իսպանիայի թագավորի հետ, տեղեկացրել են պաշտոնատար անձինք։

Աղբյուրները չեն հաստատել Բայդենի եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի երկկողմ հանդիպման պլանները։ Թուրքիան արգելակում է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության պլանները, բայց զրուցակիցներից մեկը նշել է, որ Վաշինգտոնը համոզված է, որ Թուրքիայի մտավախությունները հաշվի կառնվեն, եւ կոնսենսուսը ձեռք կբերվի։