Սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել «Հայ ազգային կոնգրես»-ի վարչության նիստը, որը նախագահել է Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին տեղեկանում ենք «Հայ ազգային կոնգրես» կուսակցության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Նիստում հաստատվել են իրավական հարցերի, արտաքին հարաբերությունների, տնտեսական և բնապահպանական հարցերի, հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովների քարտուղարները, ինչպես նաև տնտեսական և բնապահպանական հարցերի և հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովների գործառույթները:

Փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել խորհրդարանական խմբակցության կատարած աշխատանքների և առաջիկա նստաշրջանում գործունեության ծրագրի վերաբերյալ:

Փոխնախագահ Արամ Մանուկյանը հաղորդում է ներկայացրել Եվրոպայի Լիբերալ Դեմոկրատների դաշինքի առաջիկա համագումարի և դրան Կոնգրեսի պատվիրակության մասնակցության վերաբերյալ:

Տարածքային կառույցների աջակցման հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավագյանը հաղորդում է ներկայացրել կուսակցության անդամների հաշվառման և տարածքային կազմակերպությունների ժողովների հրավիրման ընթացքի մասին:

Վարչությունը որոշում է կայացրել հոկտեմբերին երիտասարդական համագումար անցկացնելու և դրա նախապատրաստման նպատակով կազմկոմիտե ստեղծելու վերաբերյալ:

Նիստում ելույթ է ունեցել Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: