Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է G7-ի առաջնորդների՝ իրենց լուսանկարի քննարկումները եւ լուսանկարվելու համար մերկանալու ցանկություն արտահայտելը՝ դա զզվելի տեսարան անվանելով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Չգիտեմ, թե ինչպես էին նրանք ցանկանում մերկանալ՝ մինչեւ գոտկատեղը, թե գոտկատեղից ներքու, բայց կարծում եմ, որ դա զզվելի տեսարան կլիներ»,- ասել է Պուտինը լրագրողներին նախքան Աշգաբադից մեկնելը, որտեղ անցկացվում էր Կասպյան գագաթաժողովը:


Նա հիշել է բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինին, ով ասում էր, որ կարող ես խելացի մարդ լինել եւ մտածել եղունգներից գեղեցկության մասին։ «Ես համաձայն եմ դրա հետ։ Մարդու մեջ ամեն ինչ պետք է ներդաշնակ լինի՝ ե՛ւ հոգին, ե՛ւ մարմինը։ Բայց որպեսզի ամեն ինչ այդքան ներդաշնակ լինի, պետք է հրաժարվել ալկոհոլի չարաշահումից եւ այլ վատ սովորություններից, ֆիզիկական կուլտուրայով եւ սպորտով զբաղվել»,- հավելել է Պուտինը։

Agence France-Presse-ն ավելի վաղ հայտնել էր, որ G7-ի առաջնորդները ճաշի ժամանակ խոսում էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին եւ քննարկում՝ արդյո՞ք պետք է մերկանալ՝ ցույց տալու համար, որ ավելի «զիլ» են, քան Ռուսաստանի առաջնորդը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, նստելով սեղանի շուրջ, հարցրել էր՝ արդյոք պետք է հանել բաճկոնը։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն արձագանքել էր՝ առաջարկելով մինչեւ մերկանալը սպասել պաշտոնական լուսանկարին։ Այնուհետեւ Ջոնսոնը կատակել էր, որ առաջնորդները «պետք է ապացուցեն, որ Պուտինից ավելի զիլ են»:

Հայտնի լուսանկարները, որոնցում Վլադիմիր Պուտինը մինչեւ գոտկատեղը մերկ է ձիու վրա, արվել էին 2009 թ. օգոստոսին Տուվա կատարած նրա ուղեւորության ժամանակ, երբ նա Ռուսաստանի Դաշնության վարչապետն էր: