«Հայա» երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանը հյուրընկալեց հանրահայտ ամերիկացի ռեփեր 50 Cent-ին, որի համերգը տեղի ունեցավ հուլիսի 1-ին, «Հրազդան» մարզադաշտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախքան աստղի բեմ բարձրանալը ռեփերին անհամբերությամբ սպասող երկրպագուներին հաճելին մատուցեցին «3. 33», «Մի քանի հոգի» խմբերն ու Ամերիկայում ապրող, ստեղծագործող ռեփեր R-Mean-ը, որոնց հանդիսատեսը ջերմ ընդունեց և երգեց նրանց հետ:

50 Cent-ը բեմ դուրս գալուն պես էներգիայով վարակեց ներկաներին՝ հնարավորություն տալով երգել իր հետ, պարել ու հրաշալի ժամանակ անցկացնել:

Ռեփերը հնչեցրեց իր լավագույն հիթերը, որոնցից են In Da Club, Candy Shop, P.I.M.P., Ayo Technology և մի շարք այլ երգեր:

Նա հիշեցրեց, որ առաջին անգամ է Հայաստանում ու ասաց, որ իրեն դուր է գալիս հանդիսատեսը: Մինչ հեռանալը՝ 50 Cent-ը, որը բեմում էր G-Unit բենդի հետ, ասաց. «Մենք սիրում ենք քեզ, Հայաստան»:

Հանդիսատեսը խանդավառված էր և դժվարությամբ բաժանվեց արտիստից: