Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն Հուլիսի 2-ին, ժամը 13։52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Մաստարա գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85-րդ կմ-ին «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1990 թ.) բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլխիվայր շրջվել և բռնկվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով․ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը։ Վարորդին և ուղևորներ Մ․ Ա․-ին (ծնված 1966 թ․), Կ․ Շ․-ին (ծնված 1986 թ․) և Ռ․ Ա․-ին (ծնված 1941 թ․) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Թալին քաղաքի ԲԿ, որտեղ վարորդի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, Մ․ Ա․-ինը՝ ծանր, Կ․ Շ․-ինը և Ռ․ Ա․-ինը՝ միջին ծանրության: Մ․ Ա․-ն և Կ․ Շ․-ն տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ Վ․ Հ․-ն և Ռ․ Ա․-ն՝ «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, իրականացրել հովացման և ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։