Ուժեղ անտառային հրդեհ է սկսվել Էլիդայում (Իլիա), որը գտնվում է Պելոպոնեսի հյուսիս-արեւմուտքում, հրշիջման աշխատանքներին մասնակցում են 195 հրշեջ, յոթ հետիոտն խումբ եւ 48 միավոր տեխնիկա, տեղեկացրել է Հունաստանի հրշեջ ծառայությունը։

Հրդեհն սկսվել է կիրակի ցերեկը, Ախայա քաղաքից ոչ հեռու։ Բնակելի տներին սպառնացող վտանգի պատճառով տարհնավել են չորս գյուղերի բնակիչները։


Գիշերվան մոտ հրշիջման աշխատանքներին մասնակցում էին վեց ինքնաթիռ եւ հինգ ուղղաթիռ։ Արեւածագին մոտ հրդեհի օջախը ջրով փորձում են մարել երկու ինքնաթիռ եւ երկու ուղղաթիռ։

Կանխատեսման համաձայն՝ շրջանը գտնվում է շատ բարձր ռիսկային գոտում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կիրակի օրը Հունաստանում գրանցվել է 53 անտառային հրդեհ։ Ամենալուրջ հրդեհները բռնկվել են Պեանիայում, Ատտիկա մայրաքաղաքային շրջանում, Պորտո Կացիկայում (Լեֆկադա կղզի) եւ Կարիստոս քաղաքի մոտ (Էվբեայի հարավ)։

Հունաստանում սկսվել է հրդեհավտանգ շրջանը, եղանակը շատ շոգ է, օդի ջերմաստիճանը՝ 30-ից բարձր, վերջին օրերին ուժեղ քամիներ են։ Իշխանությունների կանխատեսումներով՝ ամառը հրդեհների առումով բարդ է լինելու։

Հունաստանի կլիմայական ճգնաժամի եւ քաղաքացիական պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ ավելի քան 200 հրշեջներ Բուլղարիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռումինիայից, Նորվեգիայից եւ Ֆինլանդիայից Հունաստանում են լինելու հուլիս-օգոստոսին՝ օգնություն ցուցաբերելու եւ հույն գործընկերներին իրենց փորձը փոխանցելու նպատակով։