Նիկոլ Փաշինյանը ներողություն չի խնդրի ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանից։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Լևոն Գրիգորյանի, Արման Կուրեխյանի, բավարարել է Նիկոլ Փաշինյանի բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը, հայտնում է «Փաստինֆո»-ն:
Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի 25-ին մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «2018 թվականի մայիսից սկսած սկզբից ամենօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա ռեժիմով, հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել»։
Թովմասյանը 20 օր ժամանակ էր տվել վարչապետին ապացույցներ ներկայացնելու համար:
Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Հրայր Թովմասյանի գրիչի լուսանկարը, որն իբրև Փաշինյանին նվիրել էր Հրայր Թովմասյանը։
Փաշինյանի կողմից «ապացույցի» հրապարակումից հետո Հրայր Թովմասյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Փաշինյանին հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները և ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար։