Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն օրերս բացահայտել է խաղատան ապօրինի գործունեության հերթական դեպքը: Մասնավորապես, վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի Շենգավիթ համայնքի վարչական տարածքում գործում է ընդհատակյա խաղատուն: Գաղտնի և ծածկագրված եղանակներով, Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
ՊԵԿ-ից հայտնում են, որ արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ և հանգամանքներ, որ Երևանի Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում Երևանի բնակիչներ Ա. Խ.-ի և Ա. Մ-ի կողմից փաստացի կազմակերպվել և իրականացվել է դրամական շահման հնարավորությամբ, խաղարկողի մասնակցությամբ «պոկեր» տեսակի թղթախաղ` «կենդանի խաղ», որը «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքով հանդիսանում է խաղատնային գործունեություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ խաղատունը շաբաթվա ընթացքում գործել է հիմնականում երկու օր և միայն գիշերային ժամերին: Քանի որ խաղատունը գործում էր ընդահատկյա, պատահական այցելուներ խաղատան տարածք մուտք գործել չէին կարող: Ընդ որում, խաղատան գործունեությունն իրականացվել է նախապես մշակված սցենարով: Կազմակերպիչները խաղի մասնակիցներին և խաղարկողին նախապես տեղեկացնում էին կայանալիք խաղի և մասնակիցների կազմի մասին, և անձամբ հրավիրում նրանց խաղին մասնակցելու:
Դեպքի առթիվ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախապատրաստ¬¬ված նյութերի հիմքով, ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Խաղատան կազմակերպիչների ապօրինի գործունեության արդյունքում պետությանը պատճառված վնասը կազմել է 5 միլիարդ 500 միլիոն դրամ: Միջոցներ են ձեռնարկվում խաղատան գործունեության ընթացքում ներգրավված անձանց շրջանակը պարզելու, պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ:
Նշենք, որ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, խաղատուն կարող է կազմակերպվել Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան և Մեղրի համայնքների վարչական սահմաններում, ինչպես նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում: Իսկ խաղատուն և (կամ) շահումով մեքենայացված խաղ կարող է կազմակերպվել (լիցենզավորվել) ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի շրջանակում՝ այդ ներդրումը մեկ վայրում կատարված լինելու դեպքում: