Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Sintra մակնիշի ավտոմեքենան և Mercedes մակնիշի բեռնատարը, հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:
Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև փակել են Opel-ի գազաբալոնի փականը, հոսանքազրկել ավտոմեքենաներն ու սահմանազատել տարածքը:
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորները ամուսիններ են: