«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր է՝ վարչապետի կինը Սյունիքի մարզում է։ Մարզի մեր աղբյուրներն ասացին՝ եկել է հանգստանալու, շրջագայելու: Նա շրջում է համայնքներով, այցելում մշակույթի կենտրոններ, ժամանցի վայրեր, թանգարաններ: Մարզպետից մինչեւ վերջին համայնքապետ զբաղված են նրան ուղեկցելով: Երեկ տիկինը մեկնել էր Քաջարան։ Իշխանությունների կողմից հալածված քաղաքապետի` Մանվել Փարամազյանի ընդունելությունը շոկ առաջացրեց հանրության ակտիվ շրջանակներում: Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության նախկին անդամ Փարամազյանը ոչ թե սյունյաց ողջույններով, ինչպես տարիուկես առաջ վարչապետին էին դիմավորել, այլ ծաղկեփնջով էր դիմավորում նրա կնոջը:

Մեր աղբյուրներն ասում են, որ մյուս համայնքապետերն էլ են դիմավորել եւ աջակցել Աննա Հակոբյանին: Իսկ ամիսներ առաջ էլ Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն էր շարունակաբար ներողություն խնդրում նրան վիրավորելու համար: Մեղրի համայնքի նորընտիր ղեկավարն էլ էր ուղեկցում Հակոբյանին: Երեկ նա եղել է Գորիսում, այցելել Բակունցի տուն-թանգարան, Կանանց ռեսուրս կենտրոն, որի գործադիր տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը Առուշ Առուշանյանի թիմակիցն է՝ ավագանու անդամ: Թեեւ ասացին, որ Գորիսի համայնքապետն անձամբ չի հանդիպել Հակոբյանին:


Այսօր նա կլինի Կապանում, եւ «ծաղկեփնջով» ներկայանալու հերթը համայնքապետ Փարսյանինն է: Ոմանք կարծում են, որ այս այցով Փաշինյանը որոշել է «փչացնել» ըմբոստ համայնքապետերին: Ի դեպ, Աննա Հակոբյանի այցից առաջ լցրել են Տաթեւ-Աղվանի ճանապարհի փոսերը, Տանձավերի հատվածում ասֆալտ են փռել: Նա մնում է Հալիձորի տարածքում գտնվող «Հարսնաձոր» համալիրում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում