«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար, պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը պարտվել է դատարանում: Կհիշեք՝ 2021 թվականին, երբ ՇՄ նախարարը Ռոմանոս Պետրոսյանն էր, Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանին ազատեց աշխատանքից:
Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարած նախարարության հիմնավորումն այն էր, որ Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանի նկատմամբ վստահությունը կորել է: Սրանից հետո Իջևանի դենդրոպարկի նախկին տնօրեն Մեխակ Սայադյանը դիմել էր վարչական դատարան՝ վիճարկելով իրեն դենդրոպարկի տնօրենի պաշտոնից ազատելու հրամանի օրինականությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հուլիսի 6-ին վարչական դատարանը որոշում է կայացրել Սայադյանին վերականգնել նախկին պաշտոնին, այսինքն՝ դատարանը որոշել է, որ Ռոմանոս Պետրոսյանի՝ Մեխակ Սայադյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հանձնարարականը անհիմն է, եւ Իջեւանի դենդրոպարկի նախկին տնօրենը պետք է վերադառնա աշխատանքի:
Կբողոքարկի նախարարությունը, թե ոչ, առայժմ հայտնի չէ: Փաստ է մեկ բան՝ նախկին նախարար, ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը պարտվել է դատարանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում