ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպին:
Նա նշեց, որ չի ուզում մտնել դատաիրավական համակարգ, սակայն կարծում է, որ ինչ-որ մարդիկ ցանկացել են մտնել նախկին մարզպետի տուն՝ ինչ-որ գործողություններ անելու նպատակով, ինչն էլ հետաքննող մարմիինները կպարզեն:
«Հենց որ երկրի արդարադատության ինչ–որ մի բլոկի աշխատող լինեմ՝ կհարցնեք։ Դա լիազոր մարմինն է, իրենք հետաքննում են, իրենք էլ որոշում են»,– ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը, երբ լրագրողները հորդորեցին գնահատել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն և նրա թիկնապահին արդարացնելու դատարանի որոշումը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք իր գնահատմամբ Սուրեն Խաչատրյանն անտեղի է պաշտոնանկ արվել, նա պատասխանեց.«Բայց մենք չենք հանել, ինքն է ցանկացել, դուրս է եկել»։
Ինչ վերաբերում է՝ «այսինքն եթե նորից ցանկանա հետ կբերե՞ք» հարցին, Գալուստ Սահակյանն ասաց.
«Ամեն ինչ հնարավոր է։ Անմեղներ ու մեղավորներ չեն լինում, մենք մարդկային հասարակություն ենք մեր թերություններով, բացթողումներով, մտային կարողություններով, զազրախոսություններով և այլն, այնպես որ մենք մարդկային հասարակություն ենք ու պետք է ամեն ինչը քննության առնենք։ Նայած թե ինչ մտավոր կարողություն ունեն մարդիկ, այդպես էլ դատողություններ են անում»:
Լրագրողի այն դիտարկմանը, որ քրեական հետապնդումը դադարեցվել է , ինչը նշանակում է, որ նրանք անմեղ են, Գ. Սահակյանը պատասխանեց.
«Չէ, լավ մասնագետ չեք: Էնպես չի, որ գործը կարճվել է, պարզապես խափանման միջոց է փոխվել»: