Երևանում շարունակվում է խիստ հսկողությունը ապօրինի շինարարությունների եւ հողազավթումների կանխման ու դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ: Հայտնաբերված խախտումների մասով կազմվում են համապատասխան վարչական արձանագրություններ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, նշվել է Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ զեկուցվել է նաեւ, որ հատուկ ուշադրություն է դարձվում շինարարական հրապարակների կազմակերպման եւ շինարարության իրականացման ընթացքում բնապահպանական պայմանների պահպանմանը: Խորհրդակցությունը վարող Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, փոխանցելով քաղաքապետի հանձնարարականը նշել է, որ պետք է շարունակել հսկողությունը եւ ապահովել համապատասխան պայմաններ:

Նշվել է նաեւ, որ սահմանված ժամանակացույցի համաձայն, ընթացքի մեջ են Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող նոր ավտոմայրուղու եւ Ուլենցի-Ռուբինյանց փողոցները կապող ավտոճանապարհի կառուցման աշխատանքները: Շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ավարտվել են ուղետարների վերանորոգման եւ դրանց ավարտից հետո նաեւ մաքրման աշխատանքները:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է, որ ջրահեռացման, կոյուղատար համակարգերի վթարային վիճակի վերացման ուղղությամբ «Երեւան ջուր» ընկերության կողմից իրականացվում են Նորագյուղ թաղամասի կոյուղատար եւ ջրահեռացման համակարգերի վերակառուցման աշխատանքներ: Հանձնարարվել է խստորեն հետեւել բնակիչների կողմից կոյուղատար համակարգը ջրահեռացման համակարգերին միացնելու ինքնակամ միջամտությունների բացառմանը: