Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ապօրինի գույքի բռնագանձման հարցով հրավիրել են ՀՀ գլխավոր դատախազություն:
Դատախազություն են հրավիրվել նաև նրանց հետ կապակցված անձինք, այդ թվում` ընտանիքի անդամները։
Կոստանյանը դատախազություն է հրավիրվել հուլիսի 19-ին՝ ժամը 11:00-ին, Տարոն Մարգարյանը` հուլիսի 14 ին՝ ժամը 10:00-ին:
Ծանուցման մեջ նշվում է. «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
Միաժամանակ, հայտնում եմ, որ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-311-221 հեռախոսահամարին»: