Կրեմլում հաստատել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին կմեկնի Թեհրան, որտեղ կմասնակցի եռակողմ գագաթաժողովին Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, ինչպես նաեւ երկկողմ հանդիպումներ կունենա, տեղեկացրել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի-ն։

«Այո, մենք կարող ենք հաստատել դա։ Իսկապես, պատրաստվում է նախագահի ուղեւորությունը Թեհրան։ Այնտեղ կկայանա Աստանայի գործընթացի երաշխավոր պետությունների ղեկավարների հանդիպումը։ Դա, ինչպես հայտնի է, սիրիական կարգավորման աջակցության գործընթաց է»,- ասել է նա լրագրողներին։


Պեսկովը նշել է, որ Իրանում նախատեսված են ՌԴ նախագահի ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ հանդիպումներ։

«Իսկապես, տեղի կունենա Պուտինի, Ռայիսիի եւ Էրդողանի հանդիպումը։ Բացի եռակողմ հանդիպումից, բնականաբար, տեղի կունենա նաեւ երկկողմ հանդիպում։ Երեկ մենք տեղեկացրել ենք Պուտինի եւ Էրդողանի միջեւ բարձր մակարդակով գալիք շփումների մասին։ Ահա այդ հանդիպումն էլ հենց տեղի կունենա այնտեղ»,- ասել է նա։

Պեսկովը նշել է, որ Պուտինը Թեհրան կմեկնի հուլիսի 19-ին, Էրդողանի հետ Պուտինի հանդիպումը նախատեսվում է նույն օրը։