Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու նրա ընտրյալը՝ լուսանկարիչ Տիգրան Մարտիրոսյանը, այսօր՝ հուլիսի 14-ին, միմյանց տեր եւ հնազանդ լինելու երդում են տալու։ Զույգը հասցրել է նախահարսանեկան ֆոտոշարք իրականացնել, որը Ջուլիան տրամադրել է NEWS.am STYLE-ին, ինչպես նաեւ՝ կիսվել իր հույզերով, պատմել հարսանեկան զգեստի ընտրության ու իր սպասելիքների մասին։
Ապագա հարսիկը չթաքցրեց, որ հուզված է, ինչը բնական է համարում,-«Կարծում եմ՝ յուրաքանչյուր աղջկա կյանքում սա ամենասպասված օրն է»,-նշեց դերասանուհին՝ հավելելով, որ ինքն այս օրվա մասին սկսել է մտածել սիրելիին՝ Տիգրանին հանդիպելուց հետո։
Ջուլիայի խոսքով՝ նախապատրաստական փուլի ամենակարեւոր քայլերից մեկը եղել է հարսանեկան զգեստի ընտրությունը․
«Նախապատվությունը տվել եմ ավելի նուրբ, հանգիստ, բայց, միեւնույն ժամանակ, ոչ շատ հասարակ տարբերակին։ Հենց փորձեցի զգեստը, հասկացա, որ դա այն էր, ինչ երկար ժամանակ փնտրում էի»։
Ինչպես հարսանիքի հյուրերը, այնպես էլ Տիգրանը Ջուլիայի հարսանեկան զգեստը կտեսնի միայն այսօր,-«Ես Տիգրանին առաջարկել եմ, որ միասին ընտրենք զգեստը, բայց նա չհամաձայնվեց։ Իհարկե, խնդիրը նրանում չէ, որ նա սնահավատ է, պարզապես, ասաց, որ ուզում է այն իր համար էլ անակնկալ լինի»։
Ինչ վերաբերում է մեղրամսին, դերասանուհին նշեց, որ հարսանիքից հետո պատրաստվում են մեկնել Եգիպտոս,-«Քանի որ անակնկալ ուղեւորություն ենք նվեր ստացել դեպի Եգիպտոս, հենց այնտեղ էլ կանցկացնենք մեր հարսանեկան հանգիստը»,-հավելեց նա։