Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենն այսօր` սեպտեմբերի 9-ին, Երեւանում բացօթյա մամուլի ասուլիս տվեց՝ խոսելով Հայաստանի հետ առաջիկա խաղի մասին: Ասուլիսին մասնակցեցին նաեւ դանիացի ֆուտբոլիստներ: Հայտնում armsport.am-ը:
-Երկու թիմերն էլ կարող են հաղթանակ տոնել վաղվա մրցավեճում,-նշեց Մորտեն Օլսենը,- միմյանց արժանի մրցակիցներ են հանդիպելու խաղադաշտում: Ընտրական վերջին խաղերում, երկու թիմերն էլ հաղթանակ են տոնել եւ լավ տրամադրությամբ են մոտենում հանդիպմանը: Հունիսի 11-ին Կոպենհագենում կայացած խաղը մեզ համար նմանվեց սեպտեմբերի 11-ի…
- Կողմնորոշվե՞լ եք կազմի հարցում:
- Այո, արդեն գիտեմ, թե ովքեր են դուրս գալու խաղադաշտ: Ընտրությունը շատ դժվար էր:
- Ի՞նչ կասեք Հայաստանի հավաքականի վերաբերյալ եւ Ձեր մրցակցի կազմում եղած կորուստների մասին:
- Բոլոր թիմերն էլ ունենում են կորուստներ: Հնարավոր չէ 10 խաղում որևէ կորուստ չունենալ։
Մենք սկզբից էլ հասկանում էինք, որ Հայաստանի հավաքականը, Իտալիայի, Չեխիայի եւ Բուլղարիայի հետ միասին, լինելու է ուղեգրերի հիմնական հավակնորդներից:
- Ի՞նչ կասեք Ձեր թիմի պաշտպանության խոցելիության մասին:
- Իմ թիմի փիլիսոփայությունն այն է, որ ամբողջ թիմով պաշտպանվում ենք եւ ամբողջ թիմով՝ հարձակվում:
- Իտալիայի՝ առաջին տեղով դուրս գալը կասկած չի հարուցում, իսկ ու՞մ եք համարում երկրորդ տեղի հավակնորդ:
- Բնականաբար, 4 թիմ է հավակնում 2-րդ տեղին՝ Բուլղարիան, Դանիան, Հայաստանը եւ Չեխիան:
- Դուք հավատո՞ւմ եք, որ վաղը կհաղթեք եւ, արդյո՞ք, առաջին խաղից առաջ՝ ուսումնասիրել էիք Հայաստանի հավաքականը:
- Չգիտեմ, մենք կփորձենք հաղթել: Բնականաբար, յուրաքանչյուր խաղից առաջ ուսումնասիրում ենք մրցակցին…
- Կոպենհագենում կայացած խաղից հետո, երբ հարց ուղղվեց, թե արդյո՞ք Հայաստանը կարող է դուրս գալ խմբից, Դուք ասացիք, որ արդեն ուշ է, բայց այսօր նշում եք, որ Հայաստանը ուղգրի հավակնորդ է:
- Դա, հիմնականում, կախված էր խմբի մասնակիցների՝ հետագայում ցույց տված արդյունքներից, որից հետո իրավիճակը փոխվեց: