Երեւանում, այսօր՝ հուլիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել. ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, կարճ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Դավիթաշեն Փիրումյանների փողոցի 1-ին և 2-րդ թաղամասերի միջնամասում գտնվող հուշարձանի հարևանությամբ գտնվող այգում վիճաբանություն է տեղի ունեցել, և քաղաքացին վիրավոր վիճակում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։
Դանակահարության վայրից բավական հեռու քննիչները ցայտաղբյուրի մոտ հայտնաբերել են ակնոց, արնանման հետքեր, իսկ բավականին հեռու՝ բարձրահարկ շենքի մոտ գտնվող հետիոտնի համար նախատեսված մայթին՝ գլխարկ և արնանման հետքեր։
Փաստի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Կայքի տեղեկություններով՝ հարվածներից մեկը եղել է կրծքավանդակի ձախ մասին։ Մինչ դեպքի վայրում զննություն էին կատարում քննիչները, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ սպանվածը Երևանի բնակիչ՝ 50-ամյա Գագիկ Խ-ն էր։