ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկաբար Արման Բաբաջանյանի գրառումը. «Նախօրեին Ադրբեջանում ՌԴ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի: Արցախում հնգամյա խաղաղապահական, իսկ Հայաստանի 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած ստրատեգիական սահմանային որոշ հատվածներում անժամկետ սահմանապահ առաքելություն ստանձնած, ուժի կիրառման սպառնալիքի բացառման վրա կառուցված Մինսկի խմբի համանախագահ երկիրն այսպիսով ճանաչում է ուժի կիրառման հետևանքով Շուշիի օկուպացիան։
Երկրում եթե խորհրդարանական ընդդիմություն լիներ նախօրեի հանրահավաքի գլխավոր լեյտմոտիվը ոչ թե կլիներ համախոհ ընկերոջ ցավալի վախճանը, այլ քաղաքական գնահատականը Ռուսաստանի դեսպանի նշյալ այցին։
Խորհրդարանական ընդդիմության չգոյությունը, սակայն, պաշտոնական Երևանին չի ազատում ռազմավարական գործընկեր Ռուսաստանից կատարվածի վերաբերյալ բացատրություն պահանջելուց, և ասիմետրիկ պատասխան[ներ] մշակելուց։
Հայաստանի ԱԳ նախարարության պահանջով Ռուսաստանի ԱԳ նախարարությունը պետք է պարզաբանի Ադրբեջանում ՌԴ դեսպանի օկուպացված Շուշի հիշյալ այցի հեռահար նպատակը։
Հանուն Հանրապետության կուսակցության գնահատմամբ այս քայլով Ռուսաստանը հրաժարվում է ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման՝ ուժի կիրառման սպառնալիքի բացառման առանցքային սկզբունքից, որին գոնե արտաքուստ հավատարիմ է եղել, առնվազն, մինչև ուկրաինական պատերազմը և այդ պատերազմի հետևանքով Մինսկի խմբի աշխատանքների կախակայումը: Պետք է փաստել, որ այսպիսով Ռուսաստանը ճանաչում է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի հաստատած ստատուս քվոն և հրաժարվում է, թեկուզ ապագայում, Արցախի ճակատագիրը քննարկելու հեռանկարից:
Ուզենք կամ ոչ, Ռուսաստանը մնում է ռեգիոնալ կարևորագույն դերակատար և արցախյան կարգավորման գործընթացում դիվանագիտական և խաղաղապահական առաքելություն իրականացնող։
Այդ պարզաբանումը հնարավորություն կտա Երևանին ամբողջությամբ գնահատել, թե ռուս-ուկրաինական պատերազմից հետո ստեղծված իրողությունները որքանով են կենսունակ և խոստումնալից պահում մոսկովյան հարթակը, իրագործելի 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունները, ինչպես նաև դրանց հեռանկարայնությունը հայկական կողմերի համար։
Սա այլևս սովորական քաղաքական կարգավորման հարց չէ, սա հայ ժողովրդի, առնվազը, արցախյան հատվածի և Հայաստանի պետականության գոյության հարցն է։
44-օրյա և ռուս-ուկրաինական պատերազմներից հետո խարխլված ռեգիոնալ աշխարհակարգը նորանոր մարտահրավերներ է առաջ բերել Հայաստանի և հայության առջև։ Ստեղծված իրավիճակում Երևանը պետք է հանդես բերի ծայրաստիճան խոհեմություն և պատասխանատու վարքագիծ իր բոլոր գործընկերների հետ՝ ի նպաստ տարածաշրջանում իրապես տևական և կայուն խաղաղության հաստատման, ի շահ արցախահայության սեփական հայրենիքում անվտանգ և ապահով ապրելու իրավունքի և Հայաստանի հարատևության»: