Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում այսօր տեղի ուենցավ պարտադիր ժամկետային զինծառայող 19-ամյա Արսեն Մանուկյանի հոգեհանգստի արարողությունը։
Արսենի դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով, հայտնաբերվել էր հուլիսի 14-ին՝ մարտական դիրքում, բայց, քանի որ նրա հայրը Ռուսաստանի Դաշնությունում էր՝ արտագնա աշխատանքի, տղային ուշ են հուղարկավորում։
Մահացած զինծառայողի հորեղբայրը՝ Էդիկ Մանուկյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ եղբայրը երեկ գիշերն է ժամանել Հայաստան․
«Հայրը գիշերը եկավ, օդանավակայանում դիմավորեցինք, գնացինք մորգից երեխուն վերցրեցինք, եկանք․․․»։
Հարցին՝ դատաբժշկական փորձաքննությունն ի՞նչ է ցույց տվել, զինծառայողի հորեղբայրը պատասխանեց, որ իրենց դեռևս որևէ բան հայտնի չէ, դատաբժիշկը եզրակացությունն ուղարկել է Քննչական կոմիտե, որտեղ փորձաքննություն է կատարվելու․
«Իմ տեղեկություններով՝ դիրքի ավագը ժամանակավորապես ձերբակալված է, այլ տեղեկություն չունենք։ Մենք սպասում ենք, որ Քննչական կոմիտեն մեզ պատասխանի, թե ինչ է իրականում կատարվել։
Էլի եմ ասում՝ Արսենը չէր կարող այդ քայլին գնալ՝ ինքն իրեն խփեր։ 1 տարի 1 ամսվա ծառայող էր, անող լիներ՝ շուտ կաներ, ոչ թե․․․ Բայց իմ կարծիքով՝ իրեն նեղություններ տվել են, ինքն ուղղակի չի արտահայտվել, որովհետև այնպիսի ճարահատյալ վիճակում գտնվող ընտանիքի մեջ է մեծացել, որ նեղություններն իր մեջ քաշել է, չի ուզեցել որևէ մեկին անհանգստացնի»։
Արսեն Մանուկյանին հուղարկավորելու են Վարդենիսի ընտանեկան գերեզմանատանը՝ տատիկ-պապիկի կողքին։
«Այսօր հոգեհանգիստն է, վաղը՝ հուղարկավորությունը։ Խեղճ ծնողներն իրենց կոտորում են, մենք մեզ կոտորում ենք․ մեղավորներին պետք է գտնե՛ն։ Եթե անգամ ինքն է իրեն խփել, էդ դեպքում թող դրդողին գտնեն, բայց մենք հակված ենք նրան, որ երեխուն կողքից են խփել»,- ասաց մահացած զինծառայողի հորեղբայրը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 14-ին, ժամը 10։25-ի սահմաններում, ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային 19-ամյա Արսեն Արմենի Մանուկյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։