Երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայում գրանցվել է պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանը՝ +40C, քանի որ Եվրոպայում շոգն ուժեղացել է՝ մոխրացնելով դաշտերը, վնասելով թռիչքուղիները եւ ստիպելով երկաթգծերին ճնշման տակ ճկվել, հաղորդում է Reuters-ը:

Օդերեւութաբանական ծառայությունը հայտնել է, որ նախնական ռեկորդը, որը դեռ պետք է հաստատվի, սահմանվել է տեղական ժամանակով ժամը 12.50-ին Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում՝ գերազանցելով 2019 թվականին գրանցված +38,7 նախորդ բարձր ցուցանիշը:


Շոգի պատճառով չեղարկվել են գնացքների չվերթները Լոնդոնից դեպի երկրի արեւելյան եւ արեւմտյան ափեր՝ սովորաբար աշխույժ քաղաքների կենտրոնները հանգիստ տեսք են ունեցել, իսկ կենդանաբանական այգիները պայքարել են կենդանիներին զովացնելու համար:

Մայրաքաղաքից դեպի արեւելք մեծ հրդեհից այրվել են Վենինգտոն գյուղի տները, կրակը պատել է մոտակա չոր դաշտերը եւ մոտեցել պատմական եկեղեցուն։

Լոնդոնի հրշեջ բրիգադը հայտարարել է խոշոր միջադեպի մասին՝ կապված մի շարք հրդեհների հետ, եւ կոչ է արել մարդկանց խորոված չանել:

Մեծ Բրիտանիան, որը հազիվ է կարողանում պահպանել հիմնական տրանսպորտային ծառայությունները ծայրահեղ շոգի կամ ձյան պայմաններում, աննախադեպ ջերմաստիճանի պատճառով անցել է արտակարգ դրության:

Տրանսպորտի նախարար Գրանտ Շապսն ասել է, որ երկար տարիներ կպահանջվեն մինչեւ Բրիտանիան կարողանա ամբողջությամբ արդիականացնել իր ենթակառուցվածքը բարձր ջերմաստիճանի դեմ պայքարելու համար, այն բանից հետո, երբ երկուշաբթի պարզվել է, որ առնվազն երկու թռիչքուղիներ վնասված են:

Կլիմայագետներն ասում են, որ Լոնդոնի համար երբեմնի աներեւակայելի ջերմաստիճանը, ամենայն հավանականությամբ, առաջիկա տարիներին ավելի տարածված երեւույթ կդառնա: