Ուրախալի է Հայաստանի՝ Ռուսաստանի, Բելոռուսի և Ղազախստանի Մաքսային միությանը անդամագրվելու և արդյունքում Եվրասիայի տնտեսական միությանը մասնակցություն ունենալու որոշումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը սեպտեմբերի 9-ին փոխվարչապետի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է Regnum գործակալությունը՝ հղում կատարելով ՌԴ կառավարության մամլո ծառայությանը:
«Մենք Մաքսային միության, Միասնական տնտեսական տարածության, դեպի Եվրասիական տնտեսական միության շարժման հենց սկզբից ասել ենք, որ այս նախագիծը բաց է մեր գործընկերների, առաջին հերթին ԱՊՀ-ի դաշնակիցների համար: Եվ ուրախալի է, որ վերջերս նախագահների հանդիպման ժամանակ հայտարարվել է Հայաստանի մտադրության մասին մտնելու Ռուսաստանի, Բելոռուսի և Ղազախստանի մաքսային միությանը և արդյունքում մասնակցություն ունենալու Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը: Մենք անկասկած հայ գործընկերների նման որոշումը խրախուսում ենք: Մենք շատ սերտ տնտեսական կապեր ունենք Հայաստանի հետ, չխոսալով արդեն քաղաքական և այլ կարգի կապերի մասին: Իրականացվում են համատեղ ենթակառուցվածքային նախագծեր և իհարկե Մաքսային միության անդամագրվելը Հայաստանի համար հավելյալ հնարավորություններ կստեղծի»,- նշել է նա:
Սակայն ինչպես նշել է Մեդվեդևը այս գործընթացը ունի իր յուրահատկությունը «հաշվի առնելով այն, որ ներկայումս Հայաստանը սահմաններ չունի Մաքսային միության կողմերի հետ»:«Դրա համար անհրաժեշտ է իրականացնել միջոցառումների հատուկ կոմպլեքս»,- հայտարարել է նա: