ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեկնել է Թուրքիա, որտեղ ուրբաթ օրը ակնկալվում է հացահատիկի հարցով համաձայնագրի ստորագրում, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այո, մենք կարող ենք հաստատել, որ պաշտպանության նախարար Շոյգուն մեկնել է Թուրքիա։ Կարող ենք հաստատել, որ այսօր պատրաստվում է ստորագրումը (համաձայնագրի-խմբ.)։ Բայց եկեք սպասենք։ Եկեք առայժմ առաջ չընկնենք»,- լրագրողներին ասել է Պեսկովը։


Ավելի վաղ Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտնել էր, որ հացահատիկի հարցի վերաբերյալ փաստաթուղթը կստորագրվի Ստամբուլում, ուրբաթ օրը՝ ժամը 16.30-ին, արարողությանը կմասնակցեն Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։