Իրանի աջակցությունը վայելող աշխարհազորայինները տարածաշրջանում կարող են վերսկսել գրոհները Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների դեմ՝ լարվածության աճին զուգընթաց. հարձակումներ, որոնք կարող են հանգեցնել նոր սրացման Մերձավոր Արեւելքում։ Այս մասին ասել է տարածաշրջանում ԱՄՆ ՌՕՈւ-ի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ալեքսուս Գրինկեւիչը, տեղեկացրել է AP-ն։
Գրինկեւիչը մտավախություն է հայտնել Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցության մեծացմամբ Մերձավոր Արեւելքում։
«Մենք այնպիսի վիճակում ենք, երբ մեզ վրա մշտապես չեն գրոհում, բայց մենք տեսնում ենք, որ գրոհների պլանավորումը շարունակվում է»,- ասել է նա։
Անցած ամիս Իրանը փորձարկել է կրիչ հրթիռ արբանյակով, ինչը ստիպել է Սպիտակ տանը սպառնալ Թեհրանին նոր պատժամիջոցներով։ Իսկ անցած շաբաթ, երբ նախագահ Ջո Բայդենը ճամփորդություն էր կատարում տարածաշրջանում, Իրանը ներկայացրել է մարտական անօդաչուներ Պարսից ծոցի իր ռազմանավերում։
«Բոլորը տարածաշրջանում խիստ անհանգստացած են»,- ասել է Գրինկեւիչը։
Նրա խոսքով՝ վերջին շաբաթներին ԱՄՆ-ի ուժերը նպատակաուղղված գրոհների պակասեցում են նկատել ամբողջ տարածաշրջանում։ «Մենք որոշակի լճացման մեջ ենք»,- ասել է նա։
ԱՄՆ-ը ուշադրությունը կենտրոնացրել է տարածաշրջանում ռուսական եւ չինական ազդեցության զսպման վրա, ասել է Գրինկեւիչը՝ նշելով, որ Ռուսաստանը ձգտում է պահպանել ազդեցության լծակները, որոնք ստացել է ռազմական ինտերվենցիայի ժամանակ, օրինակ՝ Սիրիայում։
Գրինկեւիչն ասել է, որ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ ռազմական հարաբերությունների ակհայտ փոփոխությունը (Մոսկվան ցանկանում է անօդաչուներ ձեռք բերել Իրանից) «ի ցույց է դնում հարաբերությունների ակտիվացումը Ուկրաինայում տեղի ունեցողի ֆոնին»։
Չինաստանի զգալի տնտեսական առաջխաղացումը տարածաշրջանում անհանգստացնող է, քանի որ «երկիրը փորձում է «պաշտպանել իր շահերը կամ ի հաշիվ զենքի վաճառքի, կամ այլ միջոցներով»,- ասել է Գրինկեւիչը։
Չնայած Աֆղանստանից դուրս գալուն՝ ԱՄՆ-ը չի հեռանում տարածաշրջանից, ասել է Գրինկեւիչը;
Ըստ նրա՝ Արաբական թերակղզում տեղակայված տասնյակ հազարավոր ամերիկացի զինծառայողներով, որոնց մի մասն Իրաքում է, ԱՄՆ-ը փորձում է համոզել դաշնակիցներին, որ «եթե համագործակցեն իր հետ, կստանան հարաբերություններ, որոնք կլինեն անհամեմատ ավելի խոր եւ նշանակալի»։